Ըստ Վարդան Բոստանջյանի՝ 2013 թվականի բյուջեն գոյատևման բյուջե է
«2013 թվականի բյուջեն գոյատևման բյուջե է»: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքերով` կան բազմաթիվ կնճռոտ հարցեր, որոնք հաջորդ տարվա բյուջեով և ունեցած հնարավորություններով դժվարությամբ կարող են լուծում ստանալ:
«Այդուհանդերձ հաջորդ տարվա բյուջեի նախագծում խոցելի ոլորտներին ավելի շատ է ուշադրություն դարձվել: Անկախ այն հանգամանքից, որ ունենք նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի փոքր մակարդակ, բյուջետային հատկացումների ճնշող մեծամասնությունն ուղղվում է սոցիալական պաշտպանության խնդիրների լուծմանը», -ասաց Վ.Բոստանջյանը:
Բացի այդ, ըստ տնտեսագետի, բյուջեում ավելի շատ հատկացումներ ուղղվում են առողջապահության, կրթության ոլորտներին, որոնք մեծ ֆինանսներ են պահանջում: «Այսինքն` փորձ է արվում հնարավորինս ամբողջական օգտագործել եղած հնարավորությունը, իսկ ավելի մեծ բյուջե ունենալու համար դեռևս ունենք որոշակի դժվարություններ», – նշեց նա:
Հարցին, թե արդյոք համամիտ է այն կարծիքի հետ, որ այս բյուջեն նույնպես նպաստելու է արտագաղթի ավելացմանը, Վ.Բոստանջյանն ասաց, որ չի ցանկանում մեկը մյուսի հետ կապել: «Արտագաղթին էլ հարաբերական կտրվածքով եմ նայում: Ազատ տեղաշարժի պարագայում մարդը փնտրում է այնպիսի վայր, որտեղ եկամուտն ավելի բարձր կլինի: Հայաստանն այս առումով ունի դժվարություններ: Իհարկե կա արտագաղթ, դա բացասական երևույթ է, բայց այն օղապարան դարձնել չարժե»,- ընդգծեց Վ.Բոստանջյանը:
Կարծիքներ են հնչում, որ 2013թ-ը սոցիալապես ավելի ծանր տարի է լինելու, քան 2012-ն էր, ինչի հետ համաձայն չէ տնտեսագետ Վ.Փոստանջյանը: «Նախընտրական շրջան է և ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական ուժերը հակված են եղածն ավելի ճոռոմացնել: Ես այդպես չեմ կարծում, որ ավելի վատ է լինելու»,- ասաց նա: