Ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը չի միացել ՀԱԿ ստորագրահավաքին
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ եք մերժել նոյեմբերի 21-ին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից նախաձեռնած արտահերթ նստաշրջան անցկացնելու մասին նախաձեռնությանը մասնակցելու առաջարկը, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ մերժել: Քանի որ դեմ եմ 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերացմանը, առաջարկել եմ, որ եթե այդ կետը դուրս գա փաթեթից, ապա պատրաստ եմ ստորագրել նախաձեռնության տակ: Իսկ Լևոն Զուրաբյանն ասաց, որ դա ընդհանուր փաթեթ է, որտեղ նաև ներառված է այդ կետը, և մենք, ըստ էության, համաձայնության չեկանք»:
Իսկ հարցին, թե իր կարծիքով` ո՞րն է արտահարեթ նիստին ներկայացված փաթեթի, այսպես ասած` առանցքը, Է. Մարուքյանը պատասխանեց. «Այդ փաթեթի հիմնական առանցքը դա է` 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը, որպեսզի վերացվի մեծամասնական ընտրակարգը: Իսկ Դուք գիտեք, որ ես մեծամասնական ընտրակարգով՝ ինքնառաջադրմամբ եմ ընտրվել, և, բնականաբար, չէի կարող նման մոտեցման կողմնակիցը լինել, որովհետև դա ոչ միայն վերացման է տանում մեծամասնական ընտրակարգը, այլև վերացնում է անկուսակցական մարդկանց` ինքնառաջադրման ճանապարհով Ազգային ժողովում հայտնվելու հնարավորությունը»: