ԲՀԿ-ն ոչ մի տեղ չի շտապո՞ւմ

Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե ՕԵԿ-ը ժամանակավրեպ է համարում  ԲՀԿ-ի` պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկը, քանի որ այդ քայլով դրվում է մեր երկրի անվտանգության հարցը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյան 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դա ՕԵԿ-ի տեսակետն է, որն ընդունում են ի գիտություն: «Նրանց իրավունքն է ունենալ նման դիրքորոշում այդ խնդիրների վերաբերյալ, համենայնդեպս, «Բարգավաճ Հայաստանը» գոնե 100 տոկոսանոց համամասնականի մասով շարունակում է մնալ այն կարծիքին, որ օր առաջ պետք է կատարվի Ընտրական օրենսգրքում այս  փոփոխությունը` անցնել 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգի: Ուստի, այդ պատճառով ԲՀԿ-ն միացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը` արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ: 100 տոկոսանոց համամասնականին վերադառնալու վերաբերյալ ՕեԿ-ը գտնում է, որ դրան կարելի է անդրադառնալ ավելի ուշ` նախագահական ընտրություններից հետո, իսկ մենք գտնում ենք, որ դա այն փոփոխությունն է, որին պետք է ձեռնամուխ լինել օր առաջ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:

Նրա խոսքով` մեր երկրում նախագահական կառավարման մոդելն ապացուցել է իր  անկենսունակությունը: Հարցին, թե, այնուամենայնիվ, չե՞ք կիսում ՕԵԿ գնահատականը, թե ձեր այդ առաջարկով երկրի անվտանգության խնդիր եք դնում, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ո’չ, ո’չ: Եթե լինեն բաց հրապարակային քննարկումներ, մենք կարող ենք ներկայացնել մեր տեսակետը, և կրկնում եմ` ի գիտություն ենք ընդունում նաև այլ կուսակցությունների դիրքորոշումները, որոնք կարող են չհամընկնել մեր տեսակետի հետ: Գտնում ենք, որ մեր երկրի դեպքում ճիշտը կառավարման խորհրդրանական մոդելն է, որովհետև նախագահական մոդելն ապացուցել է, որ այդ մոդելի դեպքում տեղի է ունենում իշխանության բացարձակ մոնոպոլիզացիա»:

Իսկ ինչ վերաբերում է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հայտնած այն տեսակետին, թե ԲՀԿ-ն պարզապես ժամանակ է շահում քաղաքական կոնսուլտացիաներ առաջ քաշելով` մինչև նախագահի ընտրությունների մասին որոշում կայացնելը, Ն. Զոհրաբյանը նշեց. «Չեմ կիսում տիկին Հարությունյանի տեսակետը, և գտնում եմ, որ օր առաջ Հայաստանին անհրաժեշտ է լրջագույն համակարգային քաղաքական օրակարգ` խնդիրների շուրջ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ՝ տարբեր քաղաքական ուժերի միջև: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ապա նշեմ, որ մենք որևէ տեղ չենք շտապում`սահմանված ժամկետում «Բարգավաճ Հայաստանը» նախագահական ընտրություններում մասնակցելու ձևաչափի վերաբերյալ կհրապարակի:

 

Տեսանյութեր

Լրահոս