ՕԵԿ-ը դեմքի խնդիր չունի՞
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը հրապարակեց ՕԵԿ քաղխորհրդի երեկվա նիստում ընդունած որոշումը, որով ժամանակավրեպ են համարում ԲՀԿ կողմից ներկայացված 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի և պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին նախաձեռնությունը:
Նրա խոսքով` ՕԵԿ-ը միշտ կողմնակից է համամասնական ընտրակարգի հնարավորինս մեծացմանը և ավելացմանը, սակայն պատրաստ կլինեն դա քննարկել նախագահական ընտրություններից հետո: «Ինչ վերաբերում է խորհրդարանական կառավարման տարբերակին, ապա մենք գտնում ենք, որ սա ժամանակավրեպ է, համահունչ չէ «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումներին պետական կառավարման համակարգի տեսանկյունից, և առավել կարևոր խնդիրներից մեկը անվտանգության խնդիրն է: Այսինքն` անվտանգության համակարգի կոորդինացման հիմնահարցը: Այսօր կա ԼՂՀ հիմնախնդիր, տարածաշրջանը գտնվում է բավականաչափ անկայուն իրավճակում, և ես բազմիցս խոսել եմ այդ մասին»,- ասաց Մ. Շահգելդյանը:
Հարցին, թե՝ լինելով ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր, ինչը ստպիեց ՕԵԿ-ին գնալ ԲՀԿ-ի հետ քաղաքական կոնսուլտացիաների` իմանալով դրանց ելքը, նա պատասխանեց. «Մենք գտնում ենք, որ քաղաքական կոնսուլտացիաները, որոնք առաջարկվում են այս կամ այն քաղաքական ուժի կողմից` քաղաքակիրթ փոխհարաբերությունների տարբերակ է: Եվ մեր քաղխորհրդի որոշման մեջ, եթե դա տեսնում եք, որոշվում և ասվում է, որ այս մարտավարությունը, այսինքն` տարբեր քաղաքական ուժերի հետ մարտավարությունը նորմալ շփման ձև է»: Նրա խոսքով` իրենք ընդունել են նաև ՀՅԴ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելու առաջարկը: «Սա է մեր ոճը»,- ընդգծեց պատգամավոր՝ հավելելով, թե ինքը չի տեսնում ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուով հանդես գալու որոշման գործընթացը:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՕԵԿ-ն իր քայլերով չի ցանկանում հաճոյանալ ՀՀԿ-ին, Մ. Շահգելդյանն ասաց. «Մենք երբեք մեր դեմքի և ինքնուրույնության խնդիր չենք ունեցել: Ես չգիտեմ, թե ով ինչ ոչ բարյացակամությամբ ցանկանում է ասել, բայց այդ պրոբլեմը չկա: Եվ երկրորդ` ցուցադրական բաներ, զուտ ցուցադրական, ՕԵԿ-ը երբեք չի արել, չի անում և չի էլ անելու»:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում ՕԵԿ-ը սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Մենք հայտարարել ենք մեր մոտեցումը և հավատարիմ ենք այն հայտարարությանը, որ սատարելու ենք գործող նախագահին»,- հավելեց Մ. Շահգելդյանը: