Եվրասիական միությունը ՀՀ-ի համար զարգացման հեռանկար չպարունակող նախագիծ է
ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ Եվրասիական միությունը Հայաստանի համար զարգացման հեռանկար չպարունակող նախագիծ է: «Հայաստանի ուղղությունը պետք է լինի դեպի եվրոպական արժեքները, և սա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է գնանք եվրոպական արժեքների հետևից. մենք պետք է առաջին հերթին դրանք այստեղ հաստատենք:
Մեր հասարակությունը, երկիրն այլ ճանապարհ չունի, քան ժողովրդավարության, եվրոպական արժեքների հաստատումն ու ամրապնդումը: Մենք պարզապես դատապարտված ենք սրան, ուղղակի մեր հասարակությունից է կախված, թե որքան շուտ կկարողանանք դրանք հաստատել»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք Եվրասիական միությանն անդամագրվելը կխոչնդոտի՞ Հայաստանի ինտեգրմանը ԵՄ-ին, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանք միմյանց հակասող կառույցներ են: