Պարոն նախագահ և վարչապետ, ինձ աշխատանք տվեք, որ ապրեմ
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՚, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին.
«Պարոն Նախագահ և պարոն Վարչապետ
Անընդհատ թերթերում և հեռուստացույցով խոսում եք նոր աշխատատեղերի ստեղծման մասին: Սակայն ես չեմ հավատում և, իմ նման շատերը չեն հավատում այդ խոսքերին։ «R/V կոմֆորտի» տնօրենը` Շախմուրադյան Ռ.-ն, գործից ազատել է` ստելով իր աշխատողին։ Սկզբից արձակուրդի դիմում է գրել տվել, հաջորդ օրը կանչել է, ազատման դիմում է գրել տվել` պատճառաբանելով, որ ճգնաժամ է, չի կարողանում աշխատող պահել՝ հին աշխատողին նորով փոխարինելով։
Ազնիվ ու նվիրված աշխատողների հետ նման ձևով չեն վերաբերվում։ Ուստի, դիմում եմ Ձեզ, դուք էլ նույն ձևով վարվեք այն բոլոր սեփականատերերի հետ, ինչպես իրենք են վարվում շարքային աշխատողի հետ։ Վճարելով ամենաչնչին գումար և առանց ցավ զգալու, մարդկային արժեքներից զուրկ լինելով, զրկում են մի փոքրիկ աղքատավարձից։ Դիմում եմ ձեզ բոլորիդ, որպեսզի ոչ մի սեփականատեր այլևս չհամարձակվի իր աշխատողի գոյատևելու հացը կտրել։
Ես ինչո՞ւ իմ հիմնական գործը պետք է թողնեմ, ընկնեմ դռնեդուռ, նոր աշխատանք փնտրեմ։ Ինչ է թե` իր սեփականությունն է, ինչ ուզում է` անում է: Ցանկացած սեփականատեր իր աշխատողին վերաբերվում է` ինչպես Գիքորի հետ, իսկ շարքային աշխատողը տանում է այդ ամեն ինչը` վախենալով, որ այդ մի կտոր հացի վաստակած գումարն էլ կկորցնի։ Ինձ նման հազարավոր մարդիկ են եղել օլիգարխների զոհը, որոնք լքել են հայրենիքը և բռնել են արտագաղթի ճանապարհը։ Ուստի դիմում եմ Ձեզ, պարոն Նախագահ և պարոն Վարչապետ, ինձ աշխատանք տվեք, որ ապրեմ…»:
ՀԱՅԿԱՆԴՈՒԽՏ ԱՐՇԱԿՅԱՆ