KfW-ն ևս 40 մլն եվրո կտրամադրի փոքր ՀԷԿ-րին
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և KfW բանկի փոխնախագահ Եվա Վիտտը ստորագրել են «Վերականգնվող էներգիայի աջակցություն» վարկային ծրագրի երրորդ փուլի շրջանակում 40 մլն եվրոյի վարկային պայմանագիրը: Այդ մասին տեղեկացնում է Մեդիամաքսը։
Այն հնարավորություն է ընձեռում ֆինանսավորել ևս 30-40 փոքր հիդրոէլեկտրակայանի (ՓՀԷԿ) նախագիծ: Նախատեսվում է նաև, որ ծրագրի 3-րդ փուլի համար գերմանական կողմը կտրամադրի դրամաշնորհային միջոցներ` տեխնիկական օժանդակությունն ապահովելու համար:
Ստորագրման արարողությանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ KFW բանկը մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսության ռազմավարական հատվածներին: Բանկի հետ Հայաստանի համագործակցությունը կառուցողական բնույթ է կրում: ԿԲ նախագահը հույս է հայտնել, որ ծրագրի նոր փուլը կընդլայնի երկկողմ համագործակցությունը և կծառայի հետագա ներդրումների իրականացմանը:
KfW բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև 2004 թ. նոյեմբերին կնքվել էին «Վերականգնվող էներգիայի աջակցություն» ծրագրով 6 մլն եվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:
Հաշվի առնելով ծրագրի առաջին փուլի հաջող ընթացքը՝ 2010թ. մայիսին KfW բանկի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրվեցին ծրագրի երկրորդ փուլի` 18 մլն եվրոյի վարկային և 1.5 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագրեր:
Վարկային ծրագրի նպատակն է մրցույթով ընտրված ՀՀ առևտրային բանկերի միջոցով վարկեր տրամադրել գործող ՓՀԷԿ-երին` վերակառուցման և վերազինման, ինչպես նաև նոր կառուցվող ՓՀԷԿ-երի համար, ինչը կնպաստի էլեկտրաէներգիայի արտադրման և մատակարարման բարելավմանը:
Ծրագրի դրամաշնորհի գումարը օգտագործվում է բացառապես մրցութային կարգով ընտրված ֆինանսական և տեխնիկական խորհրդատուների մատուցած ծառայությունները վճարելու նպատակով: