«Մերսեդեսը» բախվել է «Տոյոտա Լանդ Կրաուզերին». «Մերսեդեսն» ամբողջությամբ այրվել է (լուսանկարներ)
Նոյեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարար վարչության Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատ տեղեկություն են ստացել, որ Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի վերջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով, մեկնել է նշված վայր: Տեղում են եղել նաև Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ինչպես նաև՝ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները:
Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի Գր. Զոհրաբ փողոցի բնակիչ, 25-ամյա Արտյոմ Դավայանը, վարելով «Մերսեդես Բենս» մակնիշի 29 ՏՍ 459 համարանիշի ավտոմեքենան, Սասունցի Դավիթ փողոցում գործող ՍՊՍ բենզալցակայանի դիմաց բախվել է նշված փողոցի բնակիչ, 53-ամյա Սամվել Աբրահամյանի վարած «Տոյոտա Լանդ Կրաուզեր» մակնիշի 10 ՕQ 101 համարանիշի ավտոմեքենային:
Բախման հետևանքով, դեռևս անհայտ պայմաններում, Ա. Դավայանի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և այրվել: Իսկ վարորդ Ա. Դավայանն ու նրա ուղևոր 28-ամյա Վաչագան Երիցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն:
shamshyan.com