Չուքասզյանն ընդդեմ Հայրապետյանի նիստը չկայացավ. դատավորը հիվանդացել էր

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ այսօր պետք է տեղի ունենար «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործով նախնական դատական նիստը:

Գ.Չուքասզյանը պահանջում է, որ պարոն Հայրապետյանը ներողություն խնդրի իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորելու համար:

Սակայն դատավարության առաջին նիստը հետաձգվեց, դատավոր Աիդա Դավթյանի հիվանդության պատճառով: Նիստը հետաձգելու մասին կողմերն իմացան դատական նիստը սկսվելուց ընդամենը րոպեներ առաջ: Հաջորդ նիստի օրը առայժմ պարզ չէ: Դատարանում տեղեկացրեցին, որ այդ մասին կտեղեկացվի լրացուցիչ:

Հիշենցնենք, որ Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ՛Արմենի Մագազին» պարբերականի հայաստանյան թղթակից Սեդա Մավյանին տված հարցազրույցում սպառնալիքներ էր տեղացել «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի մի քանի անդամների, այդ թվում՝ նաև Գարեգին Չուքասզյանի հասցեին:

Հարցազրույցի ընթացքում Հայրապետյանը Չուքասզյանի մասին մասնավորապես ասել էր. «Ոստիկանների հետ բանակցում են, սիլի-բիլի են անում, ոստիկաններն էլ, որ իրենց մասին վատ չգրեն: Բերում են իմ տան վրա, իմ ընկերոջ տան վրա երեխեք են վախեցնում: Այ հիմա ահաբեկելը կտեսնեն: Իրենց ընտանիքներն իմ ձեռքը կրակն են ընկնելու: Իրենք բոլորը շաքարով հիվանդանալու են: Մինչև մահ վախենալու են ինձանից: Ես դա բացեիբաց ասելու եմ Գարեգին Չուքասզյանին` այդ նապաստակին, կտեսնեք թե ինչ օրն եմ գցելու»:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս