«Ուրուգվայը կարող է առաջինը ճանաչել Ղարաբաղի անկախությունը»

Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղի անկախության մասին առաջինը բարձրաձայնած Ուրուգվայի բարձրաստիճան պաշտոնյաները այցելել են Ստեփանակերտ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ երեքշաբթի օրը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոյի գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

«Արցախ այցելելը հատուկ համարձակություն չի ներկայացնում, Արցախ հասնելն է համարձակություն պահանջում (նկատի ունի ճանապարհը): Մենք բարեկամ ենք հայ ժողովրդի հետ և պետք է հատուկ շեշտենք այն նշանակությունը,  որ ունի Հայ դատի գրասենյակը  Հայաստանի և Ուրուգվայի բարեկամության գործում»,- ասել է Ռուբեն Մարտինես Ուելմոն՝ Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը:

«Ուրուգվայը, լինելով առաջին երկիրը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, կարող է լինել նաև առաջինը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործում,- ասել է նա՝ միաժամանակ ավելացնելով, թե «այո»-ն տեսական պատասխան է,- Սակայն սա քաղաքական գործընթաց է և պետք է քայլ առ քայլ ընթանա: Բոլոր քայլերը պետք է հավաքենք և ներկայացնենք փաստարկներ, և ներկայացնել քաղաքական ուժերին»:

Տեսանյութեր

Լրահոս