Բաժիններ՝

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել

ՀՀ ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել մամուլում տեղ գտած այն տեղեկությունների հիման վրա, թե բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել ՀՖՖ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նաև փոխանցեցլ են, որ մինչ օրս նման հաղորդում չեն ստացել:

NEWS.am-ը տեղեկությունների վերաբերյալ փորձել է պարզաբանումներ ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, ով, սակայն, հրաժարվել է պատասխանել և անջատել է հեռախոսը:

Նշենք, որ ըստ lurer.com-ի՝  երբ «Փյունիկը» պարտություն է կրել «Գանձասարից», փաստը հերթական անգամ կատաղության է հասցրել Հայրապետյանին:

Վերջինս  պաշտոնանկ է արել ակումբի գլխավոր մարզչին, բժշկին, դարպասապահների մարզչին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բժիշկ Վարդան Հովասափյանը հեռացվել է՝ խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչքի օգտագործում և խնջույքային տրամադրության առկայություն): Նշվում է նաև, որ աշխատանքից հեռացնելուց ու կարգապահական տույժերից զատ, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաև անձամբ է «պատժել» բժիշկ Հովասափյանին, բնականաբար, իրեն բնորոշ ոճով:

Կայքի տեղեկություններով՝ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Կայքի փոխանցմամբ, Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի, նույնիսկ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի կամ որպիսության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս