Սայաթ-Նովա պողոտայում զենքի սպառնալիքով փորձել են սպանել տնօրենին և փոխտնօրենին

Երեկ` նոյեմբերի 13-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նույն օրը ժամը 19:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի թիվ 4/Ա հասցեում զենքի սպառնալիքով տեղի է ունեցել սպանության փորձ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ Երևան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ 57-ամյա Վլադիսլավ Մանգասարյանը, նույն օրը ժամը 13:00-ից մինչև 14:00 ընկած հատվածում իրեն պատկանող աշխատասենյակում իր տղայի` 28-ամյա Էդուարդ Մանգասարյանի հետ, վիճաբանության մեջ է մտել Երևան քաղաքի Վարդանանց փողոցի բնակիչ 53-ամյա Աշխաբեկ Քալանթարը:

Վիճաբանության ժամանակ Ա. Քալանթարը իր մոտ եղած «Բրաունինգ» տեսակի ատրճանակից ցանկացել է կրակել Է.Մանգասարյանի վրա, սակայն, իրենից անկախ, ատրճանակը չի կրակել:

Վ. Մանգասարյանին հաջողվել է Ա.Քալանթարի ձեռքից խլել ատրճանակը, ինչից հետո վերջինս և նրա հետ եղած անձը դիմել են փախուստի:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ատրճանակը փամփուշտներով և փամփշտակալով քննիչը առգրավել է: Քրեական հետախուզության աշխատակիցները պարզել են, որ Քալանթարի հետ եղած անձը Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ 35-ամյա Արտաշես Խաչատրյանն է: Արդեն ժամը 23:10-ի սահմաններում թիվ 3-րդ հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժին հայտնում են, որ «գլխի գագաթային շրջանի պատռված ջնջխված վերք, ուղեղի ցնցում, անրակի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել Արտաշես Խաչատրյանն ու Աշխաբեկ Քալանթարը:

Հիվանդանոց ժամանած ոստիկաններին վերջիններս հայտնել են, որ իրենց ծեծի են ենթարկել հայր և որդի Վլադիսլավ և Էդուարդ Մանգասարյանները` Սայաթ-Նովա պողոտայի թիվ 4/Ա հասցեում:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսիսյանի կողմից նախաքննություն է սկսվել:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վ.Մանգասարյանը «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենն է, իսկ Էդուարդ Մանգասարյանը` նույն ՓԲԸ-ի փոխտնօրենը:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս