Բաժիններ՝

Պահանջում է վերադարձնել հուշարձաններն իրենց տեղերը

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ անդրադարձել է ՀՀ տարբեր մարզերից Երևան տեղափոխվող պատմության և մշակույթի հուշարձանների խնդրին: Նա իր հայտարարության մեջ մասնավորապես ասել է.

«ՀՀ կառավարությունը 2012 թվականի սեպտեմբերի 13-ին ընդունել է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման մասին» թիվ N1169-Ա որոշումը: Ըստ այդ որոշման` ՀՀ տարբեր մարզերից պետք է տեղափոխվեն պատմության և մշակույթի 63 անշարժ հուշարձաններ, սակայն օրերս մենք տեղեկացանք, որ թվով 51 հուշարձաններ արդեն տեղափոխվել են Երևան:

ՀՀ կառավարության նշված որոշումը գիտական շրջանակներում, մասնագետների և քաղաքացիների շրջանում առաջացրել է շատ լուրջ դժգոհություն գրեթե բոլոր այն տեղերում, որտեղից պետք է տեղափոխվեին կամ արդեն տեղափոխվել են պատմամշակույթային հուշարձանները:

Մշակույթի ոլորտի պատասխանատուները պնդում են, որ նախ, դրանք հուշարձաններ չեն, այլ «բեկորներ են» և երկրորդ, պնդում են, որ դրանք տեղափոխվել են վերանորոգման և վերականգնման համար: Օրեր առաջ կազմակերպվել էր մամուլի ասուլիս, որի ժամանակ տեղեկացանք, որ խոսքը բեկորների մասին չի գնում, այլ հուշարձանների և դրանց վրա որևէ նորոգման բան ես անձամբ չտեսա….

Հարկ է նշել, որ այն մարդիկ, ովքեր ավանդույթի ուժով ուխտի են գնացել մարզերում գտնվող պատմական վայրեր, այլևս չեն կարող գնալ այնտեղ, որտեղից բացակայում են ուխտատեղի հիմնական սրբությունները:

Փաստ է նաև այն, որ պատմամշակութային հուշարձանն էապես կորցնում է իր գիտական, մշակութային և հոգևոր նշանակությունը, երբ իր գտնվելու վայրից տեղափոխում են այլ վայր:

Տվյալ պարագայում ՀՀ կառավարության վերոնշյալ որոշումը ոչ մի կերպ չի նպաստում տարածքային համաչափ զարգացմանը, Երևան քաղաքի բեռնաթափմանը, ինչպես նաև Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովմանը, քանի որ կառավարության նախաձեռնությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տեղափոխման դեպքում կնվազի տուրիստների հոսքը դեպի մարզեր, որոնք այցելում էին պատմական վայրեր` նպատակ ունենալով տեսնել պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները իրենց գտնվելու պատմական վայրերում:

Այսպիսով՝ ՀՀ Կառավարությունից պահանջում եմ վերադարձնել մարզերից Երևան բերված թվով 51 պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները իրենց նախնական գտնվելու պատմական վայրերը և միջոցներ ձեռնարկել դրանց տեղերում պահպանման համար, ինչը ՀՀ մշակույթի նախարարության ուղղակի պարտականությունն է»:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս