«Երևանջուր» ընկերության մեղքով Նուբարաշենում գարշահոտություն է տիրում (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Նուբարաշեն վարչական շրջանի Դ3 և Դ4 թաղամասերում, որտեղ հիմնականում 35-ից ավելի սեփական տներ են կառուցված, տիրում է հակասանիտարական վիճակ: Տարածքով հոսում են կոյուղաջրերը՝ թողնելով նաև գարշահոտություն:
Ինչպես Նուբարաշենից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածի մոտ 200-ից ավելի բնակիչներ, արդարացիորեն բողոքում էին, որ նախորդ հինգշաբթի օրվանից տեղի է ունեցել կոյուղաջրերի հեռացման վայրում (լյուկ) խցանում, ինչի հետևանքով կոյուղաջրերը դուրս են գալիս՝ լցվելով մարդկանց տներն ու հողամասերը:
Վթարը վերացնելու համար քաղաքացիները մի քանի անգամ ահազանգել են «Երևանջուր» ընկերության 1-85 հեռախոսահամարին: Նրանց պատասխանել են, որ իրենք արդեն տեղեկացված են և աշխատանքներ են կատարվում այդ հարցը շուտափույթ լուծելու համար: Սակայն այդ ընկերության կողմից առայժմ ոչինչ չի ձեռնարկվել: Բնակիչները պատմել են նաև, որ երեկ 2 մետրից ավելի խորություն ունեցող կոյուղաջրով լցված ջրափոսից կարողացել են 6 տարեկան Մանվելին դուրս բերել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին կոյուղաջրերը դեռևս անարգել հոսում են և չգիտենք, թե ինչքան կհոսեն: Հենց նոր իրավիճակին ծանոթանալու համար ժամանեց Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Մհեր Հովհաննիսյանը, ով չսպասելով «Երևանջուր» ընկերության պատասխանատուներին, հանձնարարականներ տվեց, որպեսզի թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները աշխատանքներ կատարեն հարցին դրական լուծում տալու համար:
Տեղի ունեցածի մասին ֆոտոլրագրողը զրուցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի հետ, որը հայտնել է, թե այդ մասին կտեղեկացնի քաղաքապետին, ինչից հետո կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ աշխատանքներն արագ կատարելու համար:
shamshyan.com