
Երեխաների վրա բարկանալն ու նրանց հարվածելը բացասաբար են ազդում նրանց առողջության վրա

Այն ծնողները, ովքեր հարվածում են իրենց երեխաներին կամ բարկանում են նրանց վրա, մեծացնում են վերջիններիս մոտ հետագայում առողջական խնդիրների առաջացման հավանականությունը:
Ինչպես գրում է dailymail-ը, գիտնականների պնդմամբ` այդկերպ ծնողները մեծացնում են իրենց երեխաների՝ քաղցկեղով, սրտանոթային համակարգի հիվանդություններով ու ասթմայով հիվանդանալու հակվածությունը:
Գիտնականները նշում են, որ երեխաների վրա բարկանալու կամ նրանց հարվածելու և նրանց՝ առողջական խնդիրներ ունենալու միջև կապը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նշված երևույթները երեխաների սթրեսի պատճառ են դառնում: Սթրեսներն էլ հետագայում կենսաբանական փոփոխություններ են առաջացնում, ինչն էլ հանգեցնում է առողջական լուրջ խնդիրների:
Հետազոտությանը մասնակցել են Սաուդյան Արաբիայի 700 բնակիչներ: Հետազոտության ղեկավարները նրանց հարցեր են ուղղել այն մասին, թե որքան հաճախ են նրանք ենթարկվել ֆիզիկական կամ հոգեկան բռնության մանկական հասակում: Քաղցկեղով հիվանդ անձինք 1.7 անգամ ավելի շատ են ճնշման ենթարկվել մանկական տարիքում: Սրտանոթային հիվանդությունների ու ասթմայի դեպքում այդ թիվը կազմել է համապատասխանաբար՝ 1.3 և 1.7: