«Այն վտանգավոր անձը, ով այսօր հարցազրույց է տվել, պետք է լինի Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում». ՀԱԿ անդամ

Կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությունների վերաբերյալ ՀԱԿ քաղխորհուրդը խորհրդակցություններ է անցկացրել ու ներկայացրել է փաստարկված հիմնավորումներ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը:

Մեր հարցին, թե՝ արդյոք կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու առաջարկի հետևում տեսնո՞ւմ եք քաղաքական ուժերի կամ անհատների, Զոյա Թադևոսյանը պատասխանեց. «Եթե խոսքն այն վտանգավոր անհատի մասին է, ով այսօր հարցազրույց է տվել, ես նրան ո՛չ տեսնում եմ, ո՛չ էլ ուզում եմ տեսնել»:

Ըստ նրա՝ քաղաքական դաշտում, հատկապես հիմա, երբ կա լուրջ հակակշիռ գործող իշխանությանը, այս առաջարկության հետևում կանգնած ենթադրյալ անհատները երկրորդական նշանակություն կունենային, «եթե ժողովուրդը համախմբվեր ու իշխանությանն արժանի հակահարված տար՝ լուծելով այն հարցը, ինչին գնում են քաղաքական ուժերը»:

Մեր ճշտող հարցին, թե՝ արդյո՞ք այս ամենի հետևում տեսնում եք բացառապես «վտանգավոր անհատին, ով այսօր հարցազրույց է տվել», Զ. Թադևոսյանը պատասխանեց. «Կրկնում եմ, չեմ ուզում տեսնել: Թող «բոբո դյադյայով» ոչ մեկին չվախեցնեն: Ի վերջո, մի կողմում ես տեսնում եմ այսօր հարցազրույց տվողին ու գործող իշխանություններին, մյուս կողմում` ընդդիմադիր լուրջ հատվածին ու ժողովրդին: Իսկ մնացածի մասին ասեմ, որ ավելի շատ վախեցած չենք էլ կարող այլևս լինել, ինչ վերջին 15 տարիներին ենք վախեցել»:

Զոյա Թադևոսյանը տարօրինակ  ոչինչ չի տեսնում նրանում, որ Ռոբերտ Քոչարյանն արագ արձագանքեց 100 տոկոս համամասնական և կառավարման խորհրդարանական ընտրակարգին անցնելու վերաբերյալ առաջարկություններին:

«Իսկ դուք տարօրինակ չե՞ք համարում, որ նա այսքան երկար լռեց: Նա զուսպ մարդ չէ և շատ ավելի արագ կարող էր պատասխանել: Բայց ես նշանակություն չեմ տալիս»,- հավելեց Թադևոսյանը:

Իսկ հարցին, թե համոզի՞չ էր Ռ. Քոչարյանի մասնավորապես այն հայտարարությունը, թե ինքը կապ չունի ԲՀԿ-ի այդ նախաձեռնության հետ, և, եթե ինքը ցանկանար, որ գործեր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ապա դա կաներ դեռևս 2005 թվականին, Զոյա Թադևոսյանը պատասխանեց. «Ինձ համար ամենահամոզիչը ժողովրդի վճռականությունն է: Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ անձն այլևս քաղաքականության մեջ չլինի: Ավելին՝ լինի այնտեղ, որտեղ պետք  է լինի՝ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում»:

 

Տեսանյութեր

Լրահոս