Շարմազանովը՝ հանկարծահաս հայտարարությունների, ռևերանսների, քաղաքական հնարքների տարատեսակ դրսևորումների մասին
ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությունը վերաբերում էր քաղաքական վերջին զարգացումներին, «հանկարծահաս հայտարարություններին, ռևերանսներին, քաղաքական հնարքների տարատեսակ դրսևորումներին…»:
«Կարծում եմ` այս ամենը ոչ այլ ինչ է, քան փոթորկի փորձ մեկ բաժակ ջրում: Քաղաքական նման ներկայացումների դիպուկ գնահատականը ժամանակին տվել է Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը, որն ասել է. «Երբեք այդքան չեն ստում, որքան պատերազմի ժամանակ, որսից հետո և ընտրություններից առաջ»: Եվ քանի դեռ որոշ ուժեր զբաղված են քաղաքական բլեֆով, Հանրապետականը ոչ թե ձևի հետևից է ընկնում, այլ իրականացնում է քայլեր ըստ էության:
Մենք վճռական ենք Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու մեր իսկ կողմից ձևավորված քաղաքական օրակարգում առկա այն բարեփոխումները, որոնք կհանգեցնեն ժողովրդավարության շարունակական զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հասարակության սոցիալական և տնտեսական վիճակի բարելավմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը:
Հարկ է նշել, որ արտաքին քաղաքականության բնագավառում եւս ականատես եղանք որոշակի զարգացումների: Նախ և առաջ «The Wall Street Journal»-ին տված հարցազրույցում Նախագահ Սարգսյանը երեք հստակ ուղերձ հղեց. առաջին՝ Հայաստանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է, երկրորդ՝ Ադրբեջանը զինվում է եւ պատրաստվում պատերազմի և երրորդ՝ իրավիճակի վատթարացման դեպքում հայկական ուժերը կարող են «անհամաչափ» ուժեղ պատասխան տալ:
Հնարավոր դրական տեղաշարժ կարող է արձանագրվել նաև Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ: Սրա վառ ապացույցն այն է, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպմանն Օլանդը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման իր հանձնառությունը:
Եզրափակելով խոսքս` նշեմ, որ Հայաստանի իշխանությունները վճռական են թե՛ համակարգային բարեփոխումները շարունակելու, թե՛ արտաքին քաղաքական օրակարգում հայանպաստ լուծումների հասնելու հարցում»,- ասաց Շարմազանովը: