Հայտնի է «Հարավային հոսքի» շինարարության մեկնարկի կոնկրետ ժամկետը
«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը, որը Ռուսաստանը կկապի Հարավային Եվրոպայի երկրների հետ Սև Ծովի հատակով, կսկսվի 2012թ. նոյեմբերի 7-ին։ Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
«Հարավային հոսքի» շինարարությունը պետք է սկսվեր դեռ 2010թ., սակայն ծրագրի մեկնարկը հետաձգվեց մինչև 2013 թվականը։ Այս տարվա հունվարին «Գազպրոմը» հայտարարեց, որ ի կատարումն այն ժամանակ դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Պուտինի հանձնարարականի, իրենք գտել են շինարարությունն արդեն դեկտեմբերին սկսելու եղանակը։ Կոնկրետ ամսաթիվ, սակայն, չէր նշվում։
Ըստ Միլլերի, ծովային տարածքի մասով վերջնական ներդրումային որոշումը ստորագրվելու է վաղը՝ նոյեմբերի 14-ին, իսկ ցամաքային մասով՝ նոյեմբերի 15-ին՝ Բուլղարիայում։ Այս պահի դրությամբ՝ «Գազպրոմը» համաձայնագրեր ունի շահագրգիռ բոլոր երկրների հետ (Հունգարիա, Սլովենիա և Սերբիա), բացի Բուլղարիայից։
Գազամատակարարումը նոր խողովակով նախատեսվում է սկսել 2016թ. առաջին եռամսյակում։ Իսկ ամբողջական հզորությանը՝ տարեկան 63 միլիարդ խմ, «Գազպրոմը» նախատեսում է հասնել 2018 թվականին։ Գազամուղի օպերատորը «South Stream Transport» ընկերությունն է, որի բաժնետոմսերի 50%-ը պատկանում է հենց «Գազպրոմին», 20%-ն` իտալական Eni-ին, իսկ մնացած 30%-ը տնօրինում են գերմանական «Wintershall» և ֆրանսիական «EdF» ընկերությունները։
«Հարավային հոսքի» շինարարությանը շարունակում է դեմ լինել Ուկրաինան։ Այս երկիրը պնդում է, որ Ռուսաստանը պետք է ոչ թե նոր գազամուղներ կառուցի, այլ միջոցներ ներդնի իր տարածքով անցնող խողովակաշարի վերանորոգման համար։ Մինչդեռ «Հարավային հոսքի» կառուցման հիմնական նպատակը հենց կախվածությունը թուլացնելն է տարանցիկ երկրներից։
Նշենք նաև, որ «Հարավային հոսքի» կառուցման գինը մի քանի անգամ թանկացել է և այժմ գնահատվում է 16 միլիարդ դոլար։