Նարինե Դովլաթյանն ու Գարիկը հանդես են եկել համատեղ տեսահոլովակով
Երգչուհի Նարինե Դովլաթյանի և «Վիտամին» ակումբի Գարիկի համատեղ նոր տեսահոլովակն արդեն պատրաստ է: «Opposite Things» երգը հակառակ երևույթների մասին է: Տեսահոլովակում ներկայացվում են մեր կյանքում հաճախ հանդիպող հակասական երևույթներ:
«Գարիկն ուզում էր ինձ համար երգ գրել, ես էլ ասացի, որ հաճույքով կկատարեմ: Երգի և բառերի, և երաժշտության, և գործիքավորման հեղինակը Գարիկն է: Ռեժիսոր, կարելի է ասել, չկա: Տեսահոլովակը նկարահանել է օպերատոր Դավիթ Այվազյանն՝ իր ընկերության խմբի հետ: Տեսահոլովակի սցենարի միտքը «Վիտամին» ակումբի Արմանինն ու Գարիկինն էր»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է երգչուհի Նարինե Դովլաթյանը:
Այս երգը Նարինեի և Գարիկի առաջին համագործակցությունն է. «Շատ հեշտ ենք միասին աշխատել, երկուսս էլ գիտեինք` ինչ ենք ուզում ստանալ, և աշխատում էինք այդ ուղղությամբ»:
Երգչուհու խոսքով` նկարահանումները սկսել էին դեռևս հունիսի վերջին, բայց քանի որ և՛ Նարինեն, և՛ Գարիկը երկրից բացակայում էին, նկարահանումները երկարեցին, և միայն վերջերս ամբողջ աշխատանքներն ավարտվեցին:
«Ոչ մի վեճ կամ անհամաձայնություն չի եղել, բոլոր հարցերն արագ ու հանգիստ էին լուծվում, որովհետև բոլորս էլ գիտենք լսել ու ընդունել, և հավաքվել էինք լավ գործի, երգի և իմաստային տեսահոլովակի համար»,-հավելում է երգչուհին:
Նարինեն երգի և տեսահոլովակի մասին դեռևս միայն դրական կարծիքներ է լսել. «Բնական է, որ կլինեն նաև բացասական կարծիքներ»:
Նշենք, որ տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին երգչուհու կողմից սպասվում են այլ համագործակցություններ: