Ֆրանսիան ցանկանում է 4 անգամ ավելացնել ««Նութելլայի» հարկը»
Ֆրանսիայի կառավարությունն առաջարկել է 300 տոկոսով բարձրացնել արմավենու յուղի հարկը, որն ավելի հայտնի է ««Նութելլայի» հարկ» անվանումով («Nutella» հայտնի ապրանքատեսակը, որի պատրաստման համար օգտագործում են այդ յուղը): Ինչպես հայտնում է «France-Presse»-ը, այդ նախաձեռնությունն արդեն իսկ քննադատության է արժանացել Մալազիայում, որն էլ արմավենու յուղի երկրորդ արտադրողն է՝ Ինդոնեզիայից հետո:
««Նութելլայի» հարկի» բարձրացման առաջարկությամբ հանդես է եկել նահանգապետ Իվ Դոդինյին նախորդ շաբաթ: Հարկի բարձրացմամբ իշխանությունները հույս ունեն ոչ միայն ավելացնել բյուջեն, այլև ֆրանսիացիներին ստիպել կրճատել այն սննդատեսակների սպառման ծավալները, որոնք պարունակում են արմավենու յուղ: Վերջինս բարձր յուղայնությամբ ապրանքատեսակ է, որը նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանը:
Ավելի վաղ «NY Daily News»-ը հայտնել էր, որ յուրաքանչյուր ֆրանսիացի օգտագործում է այդ ապրանքատեսակից տարեկան մոտ 2 կիլոգրամ: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում տարեկան սպառվում է 126 հազար տոննա արմավենու յուղ:
««Նութելլայի» հարկի» բարձրացման պարագայում մեկ կիլոգրամ այդ ապրանքատեսակի գինը 6 եվրոցենտով կթանկանա: Ferrero ընկերությունը, որն արտադրում է «Նութելլա» ապրանքատեսակը, սպասվող հարկի բարձրացումը համարում է «անարդար», սակայն նշում է, որ հարկի բարձրացման դեպքում բաղադրության մեջ փոփոխություն չի կատարի։
Արմավենու յուղն օգտագործվում է նաև մարգարինի, խմորեղենի և հրուշակեղենի արտադրության մեջ: