ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար. «Գյումրին ավանդույթների քաղաք է»
«Այս տարի բացառիկ տարի է, մասնավորապես՝ զբոսաշրջության համար, քանի որ հնարավոր է՝ միջազգային զբոսաշրջիկների թիվն ամբողջ աշխարհում առաջին անգամ գերազանցի 1 միլիարդի սահմանագիծը»,- այս մասին ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Իրականում մի շարք երկրներ բանակցություններ են վարում Հայաստանի հետ, որպեսզի այստեղ զարգացնեն զբոսաշրջություն՝ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության հետ համատեղ: Պետական աջակցությունն էլ այս գործում կարևոր դեր է խաղում: Մասնավորապես՝ տուրիստական պրոդուկտի դիվերսիֆիկացմամբ և հարստացմամբ: Խոսքը վերաբերում է տարատեսակ փառատոներին,- նշեց Ա. Պետրոսյանը և հավելեց,- սեպտեմբերին Լոռիում՝ Ախթալա քաղաքում, կազմակերպվեց Ավանդական տոնածիսական ուտեստների մրցույթ-փառատոն, որը հասարակության մեջ ավելի հայտնի է Խորովածի փառատոն անվանմամբ: Արենիում կազմակերպվեց գինու փառատոն»:
Ըստ փոխնախարարի, հաջորդ տարի նախատեսվում է նաև Գյումրի քաղաքում կազմակերպել ավանդական արհեստների և արվեստների փառատոն, քանի որ Գյումրիում պահպանվել են իրականում լուրջ ավանդույթները:
«Կազմակերպվելու է քարտաշների, դարբինների, պայտագործների, կամրջաշինարարների, դուդուկագործների, մշակույթի, հումորի փառատոն, որի ընթացքում Գյումրի քաղաքի զբոսաշրջությանը նոր շունչ են տալու: Դրա նպատակը նաև այլ է՝ եթե մենք չփորձենք ակտիվացնել այդ տեղական, արդեն տարեց մասնագետներին, վտանգ է առաջանում՝ կորցնել թե՛ արվեստագետին, և թե՛ արվեստը»,- նշեց Ա. Պետրոսյանը՝ հավելելով, որ Գյումրին իրականում տուրիստական մեծ ներուժ ունի: