
Արդարադատության նախարարությունը ոտնահարել է մարդու իրավունքը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արդարադատության նախարարությունը, գործելով ի շահ «Նաիրիտ» գործարանի, խախտել է օրենքը և ոտնահարվել է մարդու իրավունքը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։ Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։ Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր։ Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետևանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս՝ առ այսօր նրան չի վճարվել 5 600 000 դրամ։
Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:
Պաշտպանը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Արդյունքում, Պաշտպանը Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը և միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին»: