«Պայքարը գնալու է երկրորդ տեղի համար»
Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ անելու՝ պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին առաջարկությամբ, ԲՀԿ-ն պաշտոնապես դիմել է նաև ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին:
Մեր թղթակցի հետ զրույցում Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն ընդունելո՞ւ է ԲՀԿ առաջարկը, ասել է. «Մենք քննարկելու բան չունենք»: Հիշեցնենք, որ Էդ. Շարմազանովը դեռևս օրեր առաջ ասել էր, թե ԲՀԿ-ի այդ նախաձեռնության հետևում կոնկրետ անուններ են թաքնվում: Մեր հարցին, թե՝ արդյոք այդտեղ կարո՞ղ է լինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, նա պատասխանել է. «Ես Ռոբերտ Քոչարյանի անունը չեմ տվել: Պարոն Քոչարյանի հետ կապված հստակ հայտարարություն եմ արել: Ռոբերտ Քոչարյանը կուսակցական չէ: Ես խոսել եմ մարդկանց մասին, պլատոնական սիրախաղերի մասին»: Իսկ հարցին, թե հավանական համարո՞ւմ եք, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես կգան միասնական թեկնածուով, Էդ. Շարմազանովը պատասխանել է. «Դա իրենց պրոբլեմն է` հանդես կգան, հանդես չեն գա: Մենք ունենք մեր թեկնածուն:
Դա հասարակության թեկնածուն է` գործող նախագահն է: Գործող նախագահին այլընտրանքային թեկնածու ես չեմ տեսնում»: Հարցն էլ, թե արդյոք ՀՀԿ-ում մտավախություն չունե՞ն` կապված «Gallup»-ի անցկացրած հարցումների հետ, համաձայն որի` եթե առաջիկա կիրակի անցկացվեին ընտրությունները, ապա գործող նախագահը կստանար ձայների 28%-ը, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` 19%-ը, Էդ. Շարմազանովը պատասխանել է. «Նախ, մտավախությունը քաղաքական կատեգորիա չէ, և երկրորդ` մեզ չի կաշկանդում հնարավոր որևէ թեկնածու:
Մեր թեկնածուն ամենավարկանիշայինն է, ամենաազնիվն է, ամենափորձառուն է, ամենապետականամետն է և միակ ֆավորիտն է: Պայքարը գնալու է երկրորդ տեղի համար»: