
«Մշակույթի նախարարությունը պետք է այդ գումարները ծախսեր, ինչպես հարկն էր»

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին հարցրեց, թե հաշվի առնելով, որ այս տարի Երևանը հռչակվել էր որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք, Երևանում քանի՞ նոր գրախանութ է բացվել մեկ տարվա ընթացքում:
Նախարարը հիշեց միայն մեկ գրախանութի բացումը, որին թեպետ ներկա էր եղել, բայց հասցեն չէր հիշում: «Երևանը` գրքի համաշխարհային մակարդակի հռչակումը, շատ լավ առիթ էր, որպեսզի բոլորս մտահոգ լինեինք և լուծեինք այն խնդիրը, որն այսօր առկա է: Երևանում գրախանութներ գրեթե չկան, հատուկենտ գրախանութներ են, և պարզապես նախանձով ենք նայում, անձամբ ես նախանձով եմ նայում, այլ երկրների հսկայական, ընտրության մեծ հնարավորություն տվող գրախանութներին: Կարծում եմ` մեր Մշակույթի նախարարությունը լրջորեն պետք է մտածեր, այդ գումարները ծախսեր, ինչպես հարկն էր, և գոնե առիթն օգտագործելով` մի մեծ և նախանձելի գրախանութ բացեր Երևանում, որի կարիքն այսօր ունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մ. Եսայանը: