Ֆրանսիան կմշակի Հայոց ցեղասպանությունը քրեականացնող նոր օրինագիծ

Քիչ առաջ Փարիզում ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, հանդիպման արդյունքներով` Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարները Ելիսեյան պալատի բակում տվել են մամուլի ասուլիս, որի ընթացքում նախագահները նշել են Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների մասին:

Ասուլիսին հաջորդել է ճաշկերույթ, որին հրավիրված է եղել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Ճաշկերույթի ընթացքում Ֆ.Օլանդը հաստատել է, որ մշակվելու է Հայոց ցեղասպանությունը քրեականացնող նոր օրինագիծ:

«Ֆրանսիայի նախագահն ընդգծել է իրավական հստակության ապահովումը, որպեսզի հնարավոր լինի խուսափել երկրի Սահմանադրական խորհրդի արգելքից»,- գրում է «regnum.ru»-ն:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը երեկ է եռօրյա պաշտոնական այցով մեկնել Ֆրանսիա:

Տեսանյութեր

Լրահոս