Սամվել Բալասանյանը երդվեց, ու ստիպեց իր հետ երդվել բոլորին (տեսանյութ)

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիսավոր պայմաններում երդվել է:

«Հոկտեմբեր» կինոթատրոնի բակում հավաքված էին մեծ թվով ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ: Իսկ Ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանը և ՇՄ ոստիկանության վարչության օպերատիվ խմբի ղեկավար Վահրամ Ենգոյանը անձամբ հսկում էին կինոթատրոնի մուտքը:

Համայնքի նոր ղեկավարի և ավագանու անդամների հանդիսավոր երդման արարողությանը մասնակցելու համար հրավիրված էին մշակույթի, սպորտի բնագավառի մասնագետներ, ներկա էին Շիրակի փոխմարզպետն ու Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի օգնականները, քաղաքապետարանի աշխատակիցներ և լրագրողներ:

ԱԺ պատգամավորները թեև հրավիրված էին, սակայն միջոցառմանը չէին մասնակցում: ՀՀ Կառավարությունից հյուրեր ևս չկային, չնայած, որ հրավերք Գյումրու քաղաքապետարանն ուղարկել էր:

Միջոցառման մասնակիցները նախ շնորհավորեցին Ս. Բալասանյանին ու նորընտիր ավագանու անդամներին: Այնուհետև  ելույթ ունեցավ նորընտիր ավագանու անդամներից՝ Վալերիկ Շիրինյանը:

Ծավալուն ելույթի խոսքով հանդես եկավ Սամվել Բալասանյանը, ով խոստացավ քաղաքը մաքրել «բոլոր տեսակի փոշիներից, ազատ խոսքի իրավունք տալ գյումրեցիներին և փոխել  քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը»:

Բալասանյանի առաջին երեք կարևոր անելիքները հետևյալն են` վերակառուցել Ամենափրկիչը, Գյումրու մուտքն ազդարարող հաղթակամար կառուցել եւ մաքրել քաղաքի  փոշին:

Հետո Սամվել Բալասանյանն ու ավագանու անդամները երդվեցին: «Սա մի տեսակ ձևական ինագուրացիա է, որովհետև օրենքով պետք է ավագանու հետ նիստ գումարենք, նոր ինագուրացիա անենք, բայց հիմա ուղղակի հանդիսավոր պայմաններում երդվենք»,- ասել է Բալասանյանը՝ դիմելով ավագանու անդամներին:

«Էս մեր սիրուն աղջկան ասենք, թող երդումը կարդա ու բոլորս միասին, երդվենք»,-ասել է Ս. Բալասանյանը: Երդման տեքստից հետո քաղաքապետը հորդորեց. «Երդվենք, ավելի բարձր, նորից ենք երդվում…բոլորս միասին, ասենք` երդվում ենք…»:

ԳԱԼԱ

 

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս