Ո՞ւր է Տիգրան Սարգսյանը, պարոն նախարար

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե որտեղ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ինչո՞ւ չի եկել ԱԺ՝ մասնակցելու 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկմանը, որը տեղի է ունենում տարին մեկ անգամ և որի տակ դրված է նրա ստորագրությունը:

Զ. Փոստանջյանի նկատեց, թե այդպիսով կարելի է արձանագրել, որ վարչապետն աշխատանքի չի եկել, և հռետորական հարց ուղղեց, թե մի՞գուցե կարելի է վերանայել ոչ միայն նախագահի, այլև  վարչապետի պաշտոնները կրճատելու մասին ՝ դրանցից ստացած գումարներն ուղղելով հասարակությանը: Այս դիտարկումներին ի պատասխան, Վաչե Գաբրիելյանը նշեց, թե իրենք եկել են վարչապետի իրավասությամբ, և որ ինքը որևէ միջազգային փորձ չգիտի, որտեղ երկիրը կառավարվի առանց նախագահի և վարչապետի: «Ընդհանրապես, եթե այսպիսի փաստաթուղթ է ներկայացվում, իրեն հարգող, իր երկիրը հարգող  վարչապետը պետք է նախաձեռներ, իր համար պետք է պատիվ լիներ, որ ինքը ներկայացներ այս փաստաթուղթը»,- հակադարձեց Զ. Փոստանջյանը:

Ավելի ուշ այս երկխոսությանը որոշեց միջամտեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ ասելով, որ եթե վարչապետը հիմա ԱԺ-ում չէ, ապա դա չի նշանակում, թե նա չի աշխատում: Հ. Նաղդալյանի խոսքով՝ վարչապետն ուշադիր հետևում է երկրի ֆինանսական կարևորագույն փաստաթղթին: «Եվ այդպես վատ պետք չէ մտածել»,- Զ. Փոստանջյանին հորդորեց Հ. Նաղդալյանը, ով, սակայն, պատասխանելու հնարավորություն չտվեց պատգամավորին այն դեպքում, երբ վերջինս պահանջում էր միացնել խոսափողը:

Փոխարենը Հ. Նաղդալյանը Զարուհի Փոստանջյանին խոստացավ մեկ այլ առիթով խոսելու հնարավորություն տալ:

Տեսանյութեր

Լրահոս