Սեդրակյանը կդառնա՞ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողը
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, ով մտադիր է 2013 թվականի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, պատրաստ է վճարել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրությունների համար անհրաժեշտ ընտրագրավը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վարդան Սեդրակյանը:
ՍիվիլՆեթի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեկնաբանել է Վարդան Սեդրակյանի պատրաստակամությունը: Նա նշել է, որ Սեդրակյանը նվիրատվություն է անում նախընտրական հիմնադրամին, որի կարիքը իրենք չունեն: «Իսկ եթե Սեդրակյանի պատրաստ է Րաֆֆի Հովհաննիսյանին նյութապես աջակցել որպես թեկնածու, ապա նա փաստորեն հրաժարվում է 2013թ. նախագահական ընտրարշավին իր մասնակցությունից և դառնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրողը»,- ասել է Խուրշուդյանը:
Անդրադառնալով «Ժառանգության» ֆինանսական խնդիրներին` Խուրշուդյանը կայքին ասել է, որ իրենք կկարողանան աղբյուրներ գտնել` քաղաքացիներից 100 միլիոն դրամ հանգանակելու համար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհանիիսյանը հայտարարել էր, թե մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2013 թվականի նախագահական ընտրություններում: