Բաժիններ՝

«Քուրդն իր կաշին չի փոխել, թող բոլորը դա հստակ իմանան»

Համայն աշխարհի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանն ու «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին մեկ հարցում ընդհանուր հայտարարի են եկել:

Խոսքը Հայաստանի դպրոցներում եզդի երեխաներին եզդիերեն դասագրքերով ուսանելու մասին է: Ինչպես պնդում են Ազիզ Թամոյանն ու Բորիս Մուրազին, 1-4-րդ դասարաններում սովորող եզդի երեխաները սովորում են քրդերեն դասագրքերով: 168.am-ի հետ զրույցի ընթացքում Ազիզ Թամոյանը նշել էր, որ գրել է 1-4-րդ դասարանների եզդի աշակերտների համար եզդիերեն դասագրքեր, որոնք սովորեցնում են գրել, կարդալ, ճանաչել եզդի հերոսներին, և այլն:

Սակայն, Բորիս Մուրազիի հավաստմամբ` այսօր այդ դասագրքերով չեն սովորում եզդի երեխաները: Ուստի հայաստանաբնակ եզդի համայնքների ներկայացուցիչներն ու հասարակական կազմակերպությունները որոշել են համախմբվել և հստակ լուծում տալ այդ հարցին: «Սինջար» հասարակական կազմակերպությունն անգամ եզդի երեխաներին եզդիերեն սովորեցնելու խնդրանքով դիմել էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:

«Միանշանակ անօրինականություն է, երբ եզդի երեխաներին սովորեցնում են քրդերեն, փաստորեն՝ քրդականություն են քարոզում: Այստեղ իր մեղավորությունն ունի նաև կառավարությունը, քանի որ, ըստ մարդահամարի տվյալների` կան հստակ այն վայրերը, որտեղ քրդեր են գրանցվել, թող դասընթացներ կազմակերպեն հենց այդ տեղերում: Եթե Հայաստանում կա 1500 քուրդ, ուրեմն` թող այդ 1500-ից այն կողմ չանցնեն:

Եթե կառավարությունը քրդերեն է մտցնում այն դպրոցներում, որտեղ քրդեր չկան, ուրեմն մենք ստիպված կլինենք պահանջել, որ հայկական բոլոր դպրոցներում դասավանդվի եզդիերեն՝ անկախ այն բանից՝ այնտեղ եզդիներ կա՞ն, թե՞ ոչ: Եվ եզդիական, և քրդական համայնքները գրանցված են Հայաստանում և ճանաչված են օրենքով, և չպետք է մի համայնքը խանգարի կամ փորձի ոչնչացնել մյուս համայնքը»,- մեզ հետ զրույցում ասաց «Սինջար» հ/կ-ի նախագահ Բորիս Մուրազին:

Նրա խոսքով, այս «գործողությունները քրդերի ոճի մեջ են», և նրանք այլ բան չեն էլ կարող անել: Եթե Հայաստանում հանդուրժողականության բարձր մակարդակ չլիներ,  քրդերը եզդիների հետ կվարվեին այնպես, ինչպես Իրաքում: «Քուրդն իր կաշին չի փոխել, թող բոլորը դա հստակ իմանան: Կարճ ասած, «Սինջար» եզդիների ազգային միավորումը նույնպես միանում է ներկայացված պահանջին, և օրերս մենք ևս նամակով կդիմենք կառավարությանը»,- ասաց Բորիս Մուրազին:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս