Լեոնիդների ասուպային հոսքը սկսվել է
Նոյեմբերի 8-22-ը (առավելապես ուժեղ՝ 13-21-ը) դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը: Այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը, երբ մեկ ժամում հնարավոր կլինի դիտել 12-15 ասուպ: Քանի որ նոյեմբերի 13-ին Նորալուսին է լինելու, ապա թույլ ասուպներն ավելի լավ կդիտվեն նաև առավելագույն փուլին նախորդող օրերին: Լեոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անվանումը: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է որպես կանոն գիսավորների կողմից առաջացրած երկնաքարերի խմբի, և վերջիններս` մեծ (մի քանի տասնյակ կամ հարյուրավոր հազար կմ/ժամ) արագությամբ թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա:
Երկրի մթնոլորտի համեմատաբար խիտ շերտերում՝ սովորաբար Երկրի մակերևույթից 50-130 կմ բարձրության վրա, ասուպներն այրվում են, և միայն նրանցից առավել խոշորները կարող են հասնել Երկրի մակերևույթին: Հատկապես առատ ասուպային հոսքերը մարդիկ անվանել են «աստղային անձրև» կամ «աստղաթափ»:
Լեոնիդներն ունեն բավական մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ և երկնքում թողնում են կանաչավուն հետքեր:
Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է 1866-ին հայտնաբերված Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) գիսավորից մնացած կտորների միջով Երկրի անցումով: Թեև սովորական տարիներին Լեոնիդներն այնքան էլ ինտենսիվ չեն, սակայն յուրաքանչյուր 33.25 տարին մեկ, երբ Երկիրն անցնում է երկնաքարերի կույտի կենտրոնով, դիտվում է ասուպների քանակի կտրուկ աճ, և այդ ժամանակ Լեոնիդները հանդիսանում են ամենառատ ասուպային հոսքը՝ ժամում 1000-ից ավելի (երբեմն մինչև 3000) ասուպ:
Ասուպների այդպիսի հեղեղ դիտվեց 1999թ. և շարունակվեց 2000-2002թթ., իսկ հաջորդը սպասվում է 2032 թվականին: Սակայն տարբեր տարիներին ասուպների աճ (ժամում մինչև 100-150) կարող է դիտվել և այլ տարիներին:
Լեոնիդների ասուպային հոսքը հայտնաբերվել է 1833թ. նոյեմբերի 12-13-ի գիշերը, և այդ օրը համարվում է ընդհանրապես ասուպային աստղագիտության ծնունդը: Հետաքրքրական է, որ հետադարձ հաշվարկով աստղագետները գտել են, որ դարեր առաջ (սկսած 6-րդ դարից) նույնպես գրանցվել է Լեոնիդների ասուպային հոսքը, սակայն այն ժամանակ լիարժեք չի հասկացվել և չի բացատրվել:
Ինչպես և բոլոր երկնային մարմինները և երևույթները, ասուպները նույնպես ավելի լավ են դիտվում բնակելի վայրերից հեռու, քանի որ քաղաքի լուսավորությունը խիստ դժվարեցնում է ասուպների դիտելը: