Ճիշտ մեկնարկ է տրված. Վարդան Օսկանյան
– Պարոն Օսկանյան, այսօր կայացավ խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու շուրջ ԲՀԿ-ՀՅԴ առաջին քաղաքական խորհրդակցությունները: Ինչպե՞ս անցավ այն:
– Բավական լավ հանդիպում էր, իհարկե, թերևս կոնկրետ որշումներ չկան, բայց առնվազն մի պայմանավորվածություն կա առ այն, որ առայժմ մենք խոսելու ենք օրակարգային հարցերի մասին, ոչ թե թեկնածուների: Դա կլինի հետագայի խնդիր: Օրակարգի առումով ընդհանրությունները գերակշռող են և դա լավ հիմք է դառնալու հնարավոր համագործակցության համար:
– Թեև Դուք կարևորում եք օրակարգային հարցերի շուրջ համախմբվելը, այնուամենայնիվ նախագահի թեկնածու առաջադրելու հարցը ինչպե՞ս է լինելու:
– Եթե օրակարգային հարցերի շուրջ պայմանավորվածություն լինի, կոնսոլիդացիա լինի քաղաքական ուժերի միջև, կարծում եմ, որ ավելի հեշտ է լինելու թեկնածուի հարցը, եթե միասնական թեկնածու առաջադրելու խնդիր դրվի: Մենք ճիշտ մեկնարկ ենք տվել ոչ թե խոսել թեկնածուի, այլ նախ օրակարգային հարցերի մասին:
– Կարծո՞ւմ եք՝ հնարավոր կլինի համախմբել մյուս քաղաքական ուժերին այս գաղափարի շուրջ:
– Կարծում եմ՝ հնարավոր է, քանի որ այս գաղափարը միայն մի կուսակցության գաղափար չէ: Քաղաքական տարբեր ուժեր սրա մասին խոսել են, և կարծում եմ, որ սա նաև հասարակական պահանջ է: Այնպես որ, հեշտ կլինի այս գաղափարի շուրջ համախմբվելը: Մեր առաջին հանդիպումը դրա վկայությունն էր:
Երկուշաբթի օրվանից մենք կհանդիպենք նաև մյուս քաղաքական ուժերի հետ: ՀՅԴ-ն իր հերթին խորհրդակցություններն է անցկացնում: Որոշ ժամանակ անց կհամադրենք արդյունքները, և ավելի հստակ կլինի մեր հետագա անելիքները:
Սիվիլնեթ