«Աշխարհի մեծերը պատերազմի են պատրաստվում». Արամ Կարապետյան

«Հիմա աշխարհով մեկ փոփոխություններ են լինում, այդ փոփոխությունը Հայաստան էլ է գալու, ինչպե՞ս ենք դրան դիմագրավելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

«Ավելի շատ դա է պետք քննարկել, քան պառլամենտարիզմըըկամ ոչ պառլամենտարիզմ: Ռուսաստանում Պաշտպանության նախարար է փոխվել, բոլորը կապեցին ամեն ինչի հետ, բայց չե՞ք տեսնում` ո՞վ է եկել, եկել է մի մարդ, ով արտակարգ իրադրություններում է միշտ աշխատել, Շոյգուն: Նշանակվել է գլխավոր շտաբի պետ (Վալերի Գերասիմով,- Ա.Ս.), ով պատերազմի դաշտով անցած մարդ է: Այդ տեսակետից` աշխարհի մեծերը պատերազմի են պատրաստվում: Կարծում եմ, ցավոք սրտի, մեր տարածաշրջանն ամենաշատն է այդ պատերազմի մեջ ներքաշվելու»,- ասաց Ա.Կարապետյանը:

Նա նշեց, որ այս նոր իրավիճակը կարող է,օրինակ, բերել Իրանին հարված հասցնելուն, Սիրիայում պատերազմը հաստատ կշարունակվի, Վրաստանը կարող է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ, իսկ Ադրբեջանը կարող է վերսկսել պատերազմը:

«Մեր տարածաշրջանն ամբողջությամբ ընդգրկված է աշխարհաքաղաքական այդ խաղի մեջ, և մեր դեմ գնալով ծառանալու են ֆինանսա-տնտեսական խնդիրներ. 52 անուն ապրանքի ներկրում է փակել Իրանը դեպի Հայաստան, իրավիճակն այնտեղ գնալով վատթարանում է, Ռուսաստանում հացն է թանկացել, իսկ հացահատիկի ամենամեծ քանակությունը, որքան գիտեմ, Հայաստանը ներկրում է հենց Ռուսաստանից: Մենք արտաքին ազդակներով ապրող երկիր ենք թե´ աշխարհաքաղաքական, թե´ տնտեսական առումով, իսկ մենք նստած քննարկում ենք` անցնենք պառլամենտարիզմի, չգիտեմ, վարչապետին էս անենք, էն անենք, հանենք: Հանեք, ի՞նչ է եղել»,- հեգնեց Ա.Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս