
Alitalia-ն կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` Alitalia-ն, դեկտեմբերի 11-ից սկսում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Հռոմ-Երևան-Հռոմ ուղղությամբ: Չվերթները կիրականցվեն շաբաթական 2 անգամ՝ Ա-320 տիպի օդանավով:
Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանում Alitalia ավիաընկերության գլխավոր մենեջեր Ջովանի Սիմոնինին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ շատ կարևորում են հայ-իտալական տնտեսական և զբոսաշրջության հարաբերությունների ներուժը։
Եվրոպայից Հայաստան և հակառակ ուղղությամբ տոմսերը բավական թանկ են, բայց Alitalia-ն մատչելի գներ է շուկա մտցնում:
«Սա Հայաստանում մեր մեկնարկն է, և մենք պատրաստվում ենք մրցակցային դաշտ ապահովել»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը։
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ հայկական օդանավակայանի սպասարկման գները բավական բարձր են։ Մասնավորապես՝ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը այսօր լուրջ խնդիրներ ունի «Զվարթնոց» օդանավակայանի հետ՝ ընկերությունը բողոքում է սպասարկման գներից և չի կարողանում մարել պարտքերը: Այն հարցին, թե չի՞ անհանգստացնում է արդյոք այս հանգամանքը, Ջովանի Սիմոնինին պատասխանել է․ «Մենք չափազանց գոհ ենք օդանավակայանի հետ ստորագրած մեր պայմանագրից»:
Հաշվի առնելով այն, որ Alitalia-ն պատրաստ է մեծ ներդրումներ անել Հայաստանում, հնարավո՞ր է արդյոք, որ նա դառնա «Արմավիա»-ի գնորդը: Այս հարցին Ջովանի Սիմոնինին պատասխանել է, թե որքանով ինքը տեղեկացված է՝ նման հետաքրքրություն չկա:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իտալիայի արտակարգ ու լիազոր դեպան Բրունո Սկապինին, ով իր հերթին կարևորեց հայ-իտալական այս համագործակցությունը և նշեց, որ հայ-իտալական ապրանքաշրջանառությունից բացի զարգանում է նաև զբոսաշրջությունը երկու երկրների միջև: Դեսպանի խոսքով, այս պահին Հայաստան ժամանող եվրոպական զբոսաշրջիկների թվում իտալացի զբոսաշրջիկները առաջին տեղում են: