Վարորդները ահազանգում են և համեստորեն լռում
«Վարորդները զանգահարում են մեզ ու ասում, թե ապահովագրական ընկերություններն իրենցից պահանջում են տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքի առկայություն», Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Սակայն ըստ նրա` երբ վարորդներից ցանկանում են իմանալ, թե որ ընկերությունն է նման պահանջ ներկայացնում, վարորդներն այլևս չեն զանգահարում:
«Մինչ օրս ոչ մի վարորդ պաշտոնապես չի դիմել ու ասել, թե ապահովագրական որ ընկերությունն է տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքի առկայություն պահանջում»,- նշել է Է. Հովհաննիսյանը: Ըստ նրա` վարորդների շրջանում նման մտահոգություն են առաջացնում ավտոմեքենաների տեխզննման կետերում: «Նրանք են ասում, թե առանց կնիքի կտրոնի դեպքում ԱՊՊԱ-ն իրենց չի օգնի: Վարորդներն էլ սկսում են այս տեղեկությունը միմյանց մեջ տարածել»:
«Նման բան հնարավոր չէ, ապահովագրական ոչ մի ընկերություն վարորդից տեխզննման կտրոնի կնիքի առկայություն չի պահանջում»,- Pastinfo.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունից:
Հիշեցնենք, որ դեռ 2012 թ. հունվարին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է. «Տեխնիկական զննման կտրոնների վրա կնիքը պարտադիր չէ, և պետք չէ մեր քաղաքացիներին դրդել, որպեսզի նրանք գնան և մտնեն կոռուպցիոն ռիսկերի ոլորտ»:
Վարչապետն ընդգծել էր, որ բոլոր պետական մարմիններին արգելվում է քաղաքացիներից պահանջել տեխնիկական զննման կտրոնի ետևում կնիքի առկայությունը:
«Այդպիսի պահանջ չկա, և մեր քաղաքացիները, կատարելով իրենց ֆինանսական պարտավորությունները պետության նկատմամբ, այդ կտրոնը հանգիստ կերպով կարող են փակցնել մեքենայի վրա: Սա է մեր պահանջը, որպեսզի մենք զերծ մնանք կոռուպցիոն ռիսկերից»,- ասել էր Տ. Սարգսյանը: