
«Նախաքննության ընթացքում չեմ ասել Դիանա Նավոյանի մասին՝ տարաբնույթ խոսակցություններից խուսափելու համար». Ա. Բայադյան

«Հարսնաքարի» գործով դատական նիստի ընթացքում Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Արտակ Բայադյանը դատավարության ընթացքում նշել է, որ նախաքննության ընթացքում չի ասել Դիանա Նավոյանի մասին՝ տարաբնույթ խոսակցություններից խուսափելու համար: Դա չանելու որոշումը, ըստ Արտակ Բայադյանի, կայացրել են ընկերներով: Միհրան Պողոսյանի հարցին`արդյոք եղե՞լ են գործի այլ հանգամանքներ, որոնց մասին հայտնելու կամ չհայտնելու որոշումը կայացրել են ընկերներով, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ իրենք զրուցել են գործի մասին, որոշել են չհայտնել Դիանայի և Կամոյի մասին (վերջինս Վահե Ավետյանի բարեկամն էր և նրան հանդիպել էին Արզնու Ձորում):
Միհրան Պողոսյանը նշեց, որ դատաքննության ընթացքում Արտակ Բայադյանը ցուցմունք տալիս ասել է, որ ծեծկռտուքի ընթացքում չի եղել անձնավորություն, ով չի խփել իրենց, և ինքը չի տեսել այնպիսի անձնավորության, ով փորձել է հանգստացնել ծեծկռտուքը: Նախաքննության ընթացքում Արտակ Բայադյանը, ըստ Միհրան Պողոսյանի, չի բացառել, որ այնտեղ եղել են մարդիկ, ովքեր չեն խփել:
Նախաքննության ընթացքում Արտակ Բայադյանը հայտնել էր, որ Վահեն երկու րոպե զրուցել է սպորտային տաբատի մասին իրեն նկատողություն արած Դավիթ Ադամյանի հետ: Տուժող Արտակ Բայադյանը նշեց, որ Վահե Ավետյանի՝ մատուցող Դավիթի հետ զրուցելու մասին իմացել է իր ընկեր Արկադիից, ինքը դա չի տեսել:
Մեղադրյալների պաշտպանները միջնորդեցին դատական նիստերն այսուհետ անցկացնել շաբաթական մեկ անգամ, որպեսզի հնարավոր լինի վերծանել տուժողների ցուցմունքներն ու խորհրդակցել իրենց պաշտպանյալների հետ: Դատարանը մերժեց նրանց առաջարկը՝ առայժմ նպատակահարմար չգտնելով անցնել շաբաթական մեկ անգամ դատական նիստ նշանակելու կարգին:
Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն երկրորդ անգամ առարկություններ է անում, որոնք, ըստ էության, հուշում են տուժողին՝ ինչ պատասխանել: Մեղադրողը նշեց, որ ոչ մի շահագրհռվածություն չունի և որ իր միակ նպատակը գործի բացահայտումն է:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին: