Հանձնաժողովը մերժել է հանձնաժողով ստեղծելու մասին առաջարկը
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի և առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը:
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հիմնական զեկույցով հանդես է եկել նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Չորս կողմ և չորս դեմ ձայների հարաբերակցությամբ այն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու փաստարկներից մեկն այն է, որ նշված փաստերի հնչեղությունը, երկրում տիրող համատարած անպատժելիությունը` ըստ էության դատական իշխանության անգործությունը և գործադիր իշխանության կողմից լիազորությունների չարաշահումը, միանշանակ անհրաժեշտություն են առաջացնում դատական և գործադիր իշխանությունների նկատմամբ հակակշռող և զսպող մեխանիզմի կիրառմանը, որը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ազգային ժողովի կողմից կարող է իրագործվել ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներով: