«Այդ ժամանակ իմ ուշադրությունը Վահեի առողջությունն էր, և ես չէի կենտրոնացել մանրամասների վրա». «Հարսնաքարի» գործով տուժող

Դատարանը հրապարակեց «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ հակասություններ կան վերջինիս՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում:

Նախաքննության ընթացքում Արտակ Բայադյանը նշել էր, որ մատուցող Դավիթն է մոտեցել Վահեին և ասել, որ սպորտային համազգեստով «Հարսնաքար» ռեստորանային համալիր չի թույլատրվում մուտք գործել: Դատաքննության ընթացքում Արտակ Բայադյանը նշել էր, որ ինքը նման բան չի ասել:

Նախաքննության ընթացքում ցուցմունքներ տալիս Արտակ Բայադյանը նշել էր, որ «Հարսնաքարի» ամառային սրահից դուրս գալուց հետո ինչ-որ մեկը նախատում էր մատուցող Դավիթին և ասում, որ եթե իրենք այստեղ են, ինչե՞ր է նա իրեն թույլ տալիս: Այժմ Արտակ Բայադյանը նշում է, որ մատուցող Դավիթին նախատում էր գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը:

«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված նախաքննության ընթացքում Արտակ Բայադյանի չնշելը, որ Նորայր Հայրապետյանն է նախատել մատուցող Դավիթին, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ ցուցմունքները տվել է այն ժամանակ, երբ ինքը դեռ հիվանդանոցում է եղել. «Այդ ժամանակ իմ ուշադրությունը Վահեի առողջությունն էր, և ես չէի կենտրոնացել մանրամասների վրա: Հետագայում ես հիշել եմ մանրամասներ դեպքի մասին և ներկայացրել դատարանին»:

Այժմ դատարանը հայտարարել է ընդմիջում, քանի որ տուժող Գարիկ Սողոմոնյանը վատ զգալու պատճառով դուրս է եկել դատական նիստի դահլիճից, իսկ, ըստ գործով մեղադրող Արթուր Դավթյանի՝ արդեն համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ առանց բոլոր տուժողների ներկայության, հարցաքննություն տեղի չի ունենալու:

 

 

Տեսանյութեր

Լրահոս