Մեծ հաղթանակ՝ Edison award մրցանակաբաշխությանը
Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը այս տարվա հոկտեմբերին նոմինացվել է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ հոլանդական «Edison Award»-ի «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում և նոյեմբերի 5-ին ճանաչվել՝ անվանակարգի հաղթող երաժշտական նախագիծ:
Մրցանակն աննախադեպ հաղթանակ է, քանի որ «Edison Award»-ը հանդիսանում է աշխարհի 4 ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը և իր հեղինակությամբ ու կարևորությամբ համեմատվում է ամերիկյան «Grammy Award», գերմանական «Preis der Schallplayyenkritik» և Ֆրանսական «Victoire» երաժշտական մրցանակաբաշխությունների հետ: Այս մասին է վկայում թեկուզ այն փաստը, որ 1960 թվականին ստեղծված այդ մրցանակաբաշխության պատվո կոչումներին արժանացել են այնպիսի հեղինակավոր ստեղծագործողներ, ինչպիսիք են համաշխարհային երաժշտարվեսի պսակ հանդիսացող արվեստագետներ Շառլ Ազնավուրը, Մայլս Դեյվիսը, Էմիլոու Հարրիսը, Էրիկ Քլեփտոնը, Բոբ Ջեյմսը, Ֆիլ Քոլինսը, Ռայ Քուդերը, Սթիվի Ուանդերը, Ռոբի Ուլիամսը, Վալերի Գերգիևը, Եվգենի Կիսինը, Կլաուդիո Արաուն, Պիեռ Բուլեզը և այլոք:
Մրցանակաբաշխությունն առաջնորդվում է ամենաբարձր չափանիշներով՝ մրցանակներ շնորհելով միայն «բացառիկ արժեք ներկայացնող ձայնասկավառակների»:
Մրցանակաբաշխությունն այս տարի տեղի է ունենալու նոյեմբերի 28-ին, հոլանդիայի Այնդհովեն քաղաքի Ֆիլիպս համերգասրահում, որտեղ էլ մրցանակը կհանձնվի Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Լևոն Էսկենյանին:
Հաղթանակած ձայնասկավառակը, որ ներկայացնում է հայազգի փիլիսոփա, երաժիշտ, պարուսույց, գրող Գ. Ի. Գյուրջիևի երաժշտության ժողովրդական գործիքների համար արված մշակումներ, թողարկվել է 2011 թվականի հուլիսին՝ գերմանական հեղինակավոր «ECM Records» ընկերության կողմից:
Էդիսոնի մրցանակը հրատարակության միակ հաջողությունը չէ, քանզի թողարկման օրվանից այն բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների, երաժշտական աշխարհի ջերմ ընդունելությանը, ինչպես նաև համաշխարհային մամուլի ամենաբարձր գնահատանքին:
Այսպես, 2012 թվականին Հայաստանի «Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը» ալբոմը ճանաչվեց որպես տարվա լավագույն ժողովրդական ալբոմ, իսկ հրատարակության մասին ակնարկներ ու հոդվածներ հայտնվեցին այնպիսի հեղինակավոր պարբերականների էջերում, ինչպիսիք են «BBC Music Magazine»-ը, «The Guardian»-ը, «The Financial Times»-ը, «The Independent»-ը, «USA National Public Radio»-ն, «NPR Music»-ը, «Mitteldeutsche Zeitung»-ը, «L’Unita»-ն, «LA LIBERTÉ»-ն, «The Wire»-ը: Ավելին, Ավստրալիայի պետական ռադիոն՝ «ABC» –ն, 2011 թվականի սեպտեմբերին ձայնասկավառակը ճանաչեց շաբաթվա լավագույն ալբոմ, իսկ 2012 թ. հունվարին ամերիկյան «Q2» դասական երաժշտության ռադիոընկերությունն այն անվանեց շաբաթվա լավագույն CD-ալբոմ:
Ձայնասկավառակում Գուրջիևի մեղեդիները հնչում են Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի կատարմամբ, որը հիմնադրվել է 2008 թ. Լևոն Իսկէնեանի կողմից: Համույթում ընդգրկված են Հայաստանի լավագույն երիտասարդ կատարողներ։ Անցած ողջ տարվա ընթացքում համույթը բազմաթիվ ելույթներով շրջագայել է աշխարհի տարբեր երկրներով՝ հանդես գալով Շվեցարիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բելգիայի, Լեհաստանի ամենահեղինակավոր բեմահարթակներից ու փառատոններում: