
«Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ այսօր կշարունակի հարցաքննվել տուժող Բայադյանը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվելու է «Հարսնաքարի» գործով դատավարությունը: Այսօրվա նիստում, ինչպես հայտնի է՝ շարունակվելու է գործով տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը: Վերջինիս հարցեր ուղղելու հերթը մեղադրյալ, ռեստորանային համալիրի մատուցող Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանինն է: Դատական այս նիստի ընթացքում հավանաբար կավարտվի Արտակ Բայադյանի հարցաքաննությունը, կսկսվի մյուս տուժողների՝ Գարիկ Սողոմոնյանի, Արկադի Աղաջանյանի և Էդգար Նիկոյանի հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած հայտնի միջադեպի հետևանքով, ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը` հունիսի 29-ին հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից և անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 118-րդ հոդվածով (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը):