Ոստիկաններն ու փրկարարները վարարած գետից դուրս բերեցին 22-ամյա աղջկան (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Զանգու գետի մեջտեղում մի աղջիկ է մնացել, որը չի կարողանում դուրս գալ գետից:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջիկը եղել է իր ընկերոջ հետ: Ընկերոջ գետի մյուս կողմն անցնելուց հետո, գետի ջուրը սկսել է բարձրանալ, և աղջկան դժվարացրել է գետից դուրս գալ: Առաջինը աղջկան օգնության են հասել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի առաջին գումարտակի 1-ին վաշտի ոստիկաններ, դասակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը, ենթասպա Լևոն Սարգսյանը, ավագ Արթուր Գալստյանը և Սպարտակ անունով մեկ այլ ոստիկան:
Ժամանել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արտակարգ խումբը՝ Գարի Արմաղանյանի գլխավորությամբ: Տեղում են նաև հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները: Փրկարարներ Արթուր Սարգսյանն ու Վլադիմիր Պետրոսյանը ոստիկանության աշխատակիցների հետ հատուկ ճոպանների միջոցով դուրս բերեցին երիտասարդ աղջկան:
Գ. Շամշյանը հայտնում է, որ աղջիկը Արմավիրի մարզի Մրգավան գյուղի բնակիչ 22-ամյա Արմինե Դավթյանն է: Իսկ նրա ընկերը՝ տեսնելով փրկարարների ժամանումը՝ հեռացավ:
shamshyan.com