
Երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել էին «բոքսի հայաթի» Նադալն ու նրա եղբայրը (լուսանկարներ)

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանի կողմից երեկ՝ նոյեմբերի 8-ին, Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի փաստով պարզվել է մահացած անձանց ինքնությունները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Ֆոլցսվագեն Գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 համարանիշի ավտոմեքենան, որը «Էլբա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել էր էլեկտրասյանը, վարել էր Վարդանանց 5ա շենքի բնակիչ, 54-ամյա Վարդան Նադարյանը: Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ուղևոր, նույն հասցեի բնակիչ Հակոբ Նադարյանը, ում տարիքը պարզվում է, տեղում մահացել էր: Իսկ Վ. Նադարյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Վ. և Հ. Նադարյանները եղբայրներ էին: Վ. Նադարյանը աշխատում էր Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ-ում՝ որպես պահեստապետ: նրան Երևանում ճանաչում էին որպես «բոքսի հայաթի» Նադալ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եղբայրները Երևան էին վերադառնում Աբովյան քաղաքից, որտեղ մասնակցել էինթաղման արարողության:
Ինչպես երեկ՝ նոյեմբերի 8-ին, հայտնել էր Գագիկ Շամշյանը, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, «Ֆոլցսվագեն Գոլֆ» մակնիշի 03 ՏՏ 802 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները և Արտակարգ իրավիճակների Ավան վարչական շրջանի թիվ 61 հրշեջ փրկարարական ջոկատը: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել երկու հոգու, որոնցից մեկին տեղափոխել են Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, իսկ մյուսը մահացել է:
Ժամանել էին նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ և 4-րդ դասակների աշխատակիցները՝ 1-ին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված էր Էրեբունի վարչական շրջանի բնակիչ Ռուբեն Դավթյանի անվամբ:
Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները՝ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում է եղել 1-03 ծառայության 53 բրիգադը:
Տեղում էին նաև Երևանի քաղաքապետարանի արտաքին լուսավորման հերթապահ խումբը, ովքեր էլեկտրասյան վրայից հեռացրին իրենցից վտանգ ներկայացնող լուսափորները:
shamshyan.com