Հստակեցումը սարերի հետևում չէ. առաջիկա 10-15 օրերին կավարտվի այս փուլը

Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան հստակեցվում են քաղաքական ուժերի դիրքորոշումները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Մոտենում ենք այն փուլին, երբ քաղաքական ուժերն ու անհատները, հստակեցնում են իրենց դիրքորուշմները: Այս առումով, եթե համեմատելու լինենք 2008 թվականի նախագահական ընտրությունների հետ, կտեսնենք, որ նախորդ ընտրություններում դիրքոշումների հստակեցումներն անհամեմատ ավելի վաղ սկսվեցին: Դեռևս սեպտեմբեր ամսից արդեն ավելի պարզ էր քաղաքական դաշտը, ինչն էլ թույլ էր տալիս վերլուծություններ, եզրահանգումներ կատարել»,- ասաց Հովհաննես Մարգարյանը:

Վերջինս նշեց, որ նախագահական ընտրություններում ՕԵԿ դիրքորոշումը հստակ էր դեռևս 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո:

«Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ մենք 2013 թվականին նույնպես պաշտպանելու ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Մեր պատկերացումներով, մենք պետք է նախագահին երկրորդ հնարավորությունը տանք, որ կարողանա կյանքի կոչել այն ծրագրեը, որոնք ունի»,- հավելեց նա:

Անդրադառնալով քաղաքական այն ուժերին, որոնք դեռևս հանդես չեն եկել նախագահական ընտրությունների իրենց մասնակցության ձևաչափին, Հ. Մարգարյանն ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ սկզբում անձն է լինում, հետո են քաղաքական ուժերը համախմբվում նրա շուրջ.

«Հիշո՞ւմ եք, որ ՀԱԿ-ը 2008 թվականին առաջադրեց իր թեկնածուին ու բազվաթիվ կուսակցություններ սատարեցին նրան: Այսինքն՝ սկզբում անձը եղավ, հետո միայն համախմբվեցին: Քանի որ անձը դեռ հստակեցված չէ, այդ պատճառով դիրքորոշումների ճշտման խնդիր կա: Իսկ հստակեցումը, կարծում եմ, սարերի հետևում չէ. առաջիկա տաս-տասնհինգ օրերում կավարտվի այս փուլը»:

Հարցին, թե թեկնածուի հարցում ինչի՞ն են սպասում քաղաքական այդ ուժերը՝ որոշում կայացնելու համար, Հ. Մարգարյանը պատասխանեց. «Ցանկացած քաղաքական ուժի իրավունքն է, երբ և որ փուլում ինքը կարտահայտի իր դիրքոշումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս