
Իրանն արգելում է զուգարանի թղթի ներմուծումը

Իրանի իշխանություններն արգելել են շքեղության առարկաների ներմուծումը։ Արգելքը պայմանավորված է երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով, որոնց արդյունքում ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է, և անհրաժեշտություն է առաջացել կրճատել արտարժութային ծախսերը։
Արգելքը, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 7-ին, տարածվում է 75 անուն ապրանքների վրա։ Դրանց թվում են ավտոմեքենաները, ձեռքի ժամացույցները, բջջային հեռախոսները, նոութբուքերը և անգամ զուգարանի թուղթը։
Նշենք, սակայն, որ որոշումը վերաբերում է միայն պատրաստի ապրանքներին։ Այսինքն՝ հնարավոր է ներմուծել վերը նշված ապրանքների դետալները և տեղում հավաքել։
Իրանը ստիպված է արտարժույթ խնայելու քաղաքականություն վարել այս տարվա հուլիսի 1-ից սկսած, երբ Եվրամիությունը պատժամիջոցների պատճառով հրաժարվեց իրանական նավթից։
Արդյունքում՝ իրանական արժույթի՝ ռիալի փոխարժեքը տարվա սկզբի համեմատ եռակի արժեզրկվել է։