Վթարի ենթարկված հարկադիր կատարողի ավտոմեքենան 300 մ խորությունից դուրս բերվեց (լուսանկարներ)

Երեկ` նոյեմբերի 7-ին, ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Սևան- Երևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին` Արծիվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենա էր գլորվել ձորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի 5-րդ շենքի բնակիչ 30-ամյա Սոս Ավագյանը, վարելով «Ֆոլքսվագեն Պասսատ» մակնիշի 20 ՏԼ 146 համարանիշի ավտոմեքենան, վերը նշված հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլիվայր շրջվելով ապառաժ քարերի վրայով, գլորվելով հայտնվել էր գետի մեջ:

Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի և 1-ին դասակի հրամանատար Ավետիք Թևանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարար վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, մարզի փրկարար վարչության պետ Գեղամ Գրիգորյանի և հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ:

Վթարի հետևանքով Ս. Ավագյանը տեղում մահացել էր: Նա աշխատում էր ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Աբովյանի բաժանմունքում` որպես հարկադիր կատարող:

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, հատուկ տեխնիկայի միջոցով, տարածքի անանցանելիության ու վտանգավորության պատճառով բավականին մեծ դժվարությամբ վթարի ենթարկված «Ֆոլքսվագեն Պասսատ» ավտոմեքենան դուրս բերվեց ձորից: Ասենք, որ դուրսբերման աշխատանքները տևել էր մոտ 3 ժամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական Գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Վարդան Պողոսյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան կտեղափոխվի ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս