«Աշխարհը գիտի, որ ես հանցագործ չեմ». Սերոբ Բոզոյան
Իշխող Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների բռնկման գործով դատապարտված Սերոբ Բոզոյանի փաստաբանը ահազանգում է, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է:
Հիշեցնենք` Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Բոզոյանին անցած ամիս դատապարտել է մեկ տարվա ազատազրկման: Չբողոքարկելու դեպքում դատավճիռը մինչև նոյեմբերի 17-ը կմտնի ուժի մեջ, և առայժմ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատության մեջ գտնվող հիվանդ տղամարդը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ:
Սերոբ Բոզոյանը այսօր «Ազատություն» հետ զրույցում խիստ հուսահատ էր, ասել է, որ այլ ելք չունի, պետք է բողոքարկի, քանի որ հակառակ դեպքում ուղղակի «բանտից դուրս չի գա»:
«Շտապ օգնություն եկավ, «Էրեբունի» հիվանդանոցում ասեցին` դու օնկոլոգիականի հիվանդն ես, գնա իրանց մոտ, էնտեղ էլ ասեցին 160 հազար պիտի մուծես, որ վիրահատենք: Ասեցի` ի վիճակի չեմ, թողի դուրս եկա, եկա տուն», – պատմել է նա:
Բանկերն էլ հրաժարվում են վարկով գումար տալ Սերոբ Բոզոյանին, քանի որ սոցիալապես խիստ անապահով ընտանիքը չունի անհրաժեշտ եկամուտ: Այս պահին տանը միայն կինն է աշխատում` օրվա հացի փողը վաստակելու համար:
«Բանկերն ասում են` մեզ հետ գործ չունեք, գնացեք, որտեղից ուզում եք ճարեք, կամ բերեք կանխիկ գրավ դրեք տուն, մեքենա, ոսկի… վերջը տեսա, որ ոչ կարող եմ բանկից վերցնել, ոչ մի բան անեմ, նստած սպասում եմ», – ասել է Բոզոյանը:
54-ամյա տղամարդը, ով իր խնամքի տակ ունի երկու երեխա, ցավով նշեց, որ այս պահին չեն կարողանում նույնիսկ բրոնխիալ ասթմայով հիվանդ 9-ամյա որդու դեղերը գնել:
«Դեղերը գրել, տվել են, չենք կարողանում առնենք, ի՞նչ անեմ: Հացի փող չենք կարողանում հասցնել, մանավանդ ես էլ գործ չունեմ»,- ասել է նա:
Սերոբ Բոզոյանը «փուչիկների գործով» միակ մեղադրյալն էր եւ մեղավոր է ճանաչվել Հանրապետականի հանրահավաքի համար պատվիրված փուչիկները դյուրավառ մեթանով լիցքավորելու մեջ, որոնց պայթյունից 154 երիտասարդներ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը շարունակում է պնդել, որ պաշտպանյալը պատվիրողներին նախօրոք տեղեկացրել է մեթանով լիցքավորելու հնարավոր վտանգի մասին, բացատրել է օգտագործման կանոնները, սակայն 7000 փուչիկի համար տրված 770 հազար դրամը չի բավարարել ավելի թանկ գազով` հելիումով լիցքավորելու համար:
Դատարանը հաշվի չի առել ոչ այս հանգամանքը, ոչ քաղցկեղով հիվանդության մասին վկայող Ուռուցքաբանության ինստիտուտի տված տեղեկանքը, փաստաբանը այսպես հակադարձեց դատավճռից հետո մեղադրող կողմի այն պնդումներին, որ Սերոբ Բոզոյանի մոտ քաղցկեղի առկայությունը փաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացված չեն եղել նախաքննական մարմնին ու առաջին ատյանի դատարանին:
«Բժշկական տեղեկանքում, որոնք ներկայացրեցինք դատարանում, պարզ գրված էր, որ Սերոբ Բոզոյանը վիրահատվել է Ֆանարջյանի անվան օնկոլոգիական կենտրոնում, ընդունել է քիմիաթերապիա: Եթե մեղադրողն այլ ախտորոշում գիտի, որի ընթացքում կարիք է լինում քիմիաթերապիայի, ապա կարող էր հայտարարել դատական նիստում: Պաշտպանյալիս գործով իրականացված նախաքննությունը բացարձակապես չի անդրադարձել նրա առողջական վիճակին», – ասել է Մանուչարյանը:
«Կարծում եմ մեկ տարի անազատության մեջ մնալը ճակատագրական կլինի Սերոբ Բոզոյանի համար, և հույս ունեմ, որ Վերաքննիչ դատարանը խոսք ունի ասելու այս գործով»,- հավելել է փաստաբանը:
Ինքը` Սերոբ Բոզոյանը չի ցանկացել ոչ դեպքի մանրամասների, և ոչ էլ պատվիրատուների մասին խոսել: Միայն նշել է, որ իրեն ազատազրկման դատապարտելն արդար չէր:
«Գոնե հարկադիր տար, ուրիշ տույժ տար: Էդ մի տարին աշխատեի, երեխեքիս գլխից անպակաս լինեի: Մի տեղ մի պահակություն, մի բան կանեի, կբերեի մի կտոր հացը կապահովեի: Որ գնացի էնտեղ ու չեկա, պիտի օգո՞ւտ անեն էս երեխեքը կամ ես: Կամ ես ի՞նչ եմ արել դիտավորյալ: Փորձանք ա, դժբախտ պատահականություն ա, փառք Աստծո, որ մահ չի եղել, երեխեքը ողջ, առողջ են, որ նրանք ներում են, ասում են` «մեղք ա ձյաձյան, հո՞ դիտմամբ չի արել», թող պետությունն էլ ների էլի: Աշխարհը գիտի, որ ես հանցագործ չեմ: Էդ դժբախտ պատահականությունը չի նշանակում, որ մարդը հանցագործ ա»,- ասել է Բոզոյանը: