
Apple-ի փոխնախագահը՝ Ferrari-ի տնօրեն

Ferrari ավտոմոբիլային խոշոր ընկերության տնօրենների խորհրդում կընդգրկվի Apple ընկերության փոխնախագահ Էդդի Քյուն: Այս մասին գրված է Ferrari ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում, որը նվիրված էր ընկերության 2012թ.-ի երրորդ եռամսյակին:
Էդդի Քյուն Apple-ում զբաղեցնում է մշակումների և ընկերութան ծառայությունների գծով փոխնախագահի պաշտոնը: Նա աշխատում է Apple-ում արդեն 23 տարի, և ղեկավարում է այդ թվում iTunes Store-ը, App Store-ը և iBookstore-ը:
Էդդի Քյուն նշել է, որ ուրախ է դառնալ Ferrari-ի տնօրեններից մեկը: Այդ մակնիշի մեքենայի մասին ինքը երազել է դեռ 8 տարեկանից, և երջանիկ է, որ վերջին 5 տարվա ընթացքում ունի այդ մակնիշի մեքենա:
Դեռևս չի հաղորդվում այն մասին, թե հատկապես ինչով է զբաղվելու Էդդի Քյուն Ferrari ընկերությունում: Սակայն ըստ վերլուծաբանների՝ այդ համագործակցությունը ավտոմոբիլային ընկերության համար կարող է դրական անդրադառնալ՝ հատկապես ավտոմոբիլային էլեկտրոնիկայի ոլորտում նոր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական մշակումների առումով։