Եվս մեկ ոսկե մեդալ Հայաստանին (լուսանկարներ)
Հոկտեմբերի 4-9-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի է ունեցել Տաշքենդի 6-րդ միջազգային ֆոտոբիենալեն, որին մասնակցել էին աշխարհի 35 երկրներից ավելի քան 200 հեղինակներ: Ներկայացված էր թվով 1500 աշխատանք:
Ֆոտոբիենալեին ներկայացված էր վեց անվանակարգ, որից «Լավագույն փորձարարական լուսանկար» անվանակարգում ոսկե մեդալ է շահել Տաթև Մնացականյանը: Նույն անվանակարգում արծաթե մեդալներ են շահել` Ուզբեկստանի և Լատվիայի, իսկ բրոնզե մեդալ` Ադրբեջանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները:
«Մրցույթի մասին տեղեկացել եմ շատ հետաքրքիր ձևով: Դեռևս անցած տարի մասնակցում էի Տաշքենդի «Ժամանակակից արվեստի» բիենալեին, որի ժամանակ ինձ տեղեկացրեցին, որ հաջորդ տարի ֆոտոբիենալե է լինելու: Այսպես էլ ստացվեց իմ մասնակցությունը: Հայաստանից երեք հոգի ենք մասնակցել` ես, քույրս և իմ 5-ամյա աղջիկը»,- մեզ հետ զրույցում ասաց Տաթև Մելիքսեթյանը:
Լուսանկարչուհին իր մրցանակը համարում է Հայաստանի մրցանակը. «Մեծ հաղթանակ է, երբ լուսանկարդ հայտնվում է մի այնպիսի վայրում, որտեղ ներկայացված են նաև թուրք և ադրբեջանցի լուսանկարիչների գործերը: Դու կարող ես ոչ միայն չհաղթել, այլև չմասնակցել, սակայն դու մասնակցում ես և նրանցից էլ առաջ ես լինում: Մեծ հաղթանակ է նաև արվեստի տեսանկյունից, քանի որ, ինչպես գիտենք, այսպիսի մրցույթներում առաջին տեղերը քաղաքականացված են, և եթե դու չունես նավթ, գազ կամ այլ հարստություն, դու չես կարող հաղթել:Բայց այս դեպքում իրական հաղթանակ էր»:
Տաթևը մրցույթին ներկայացրել է չորս պատմություն: Ընտրվել է պատմություններից մեկում ներկայացված լուսանկարներից մեկը, որը կոչվում է «Ազատազրկում»: