Բաժիններ՝

Տեր Եսային հորդորում է աղոթել DJ Vakcina-ի համար

Արուսիկ Մկրտչյանը, նույն ինքը՝  DJ Վակցինան այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել կրոնի ու գիտության մասին.

«Եթե կրոնը լիներ արդար և մարդկանց կարողանար կենդանական վիճակից բարձրացնել, իրոք, մարդկային բարձր գիտակցական կատարելագործման, ապա հաջորդ քայլը կլիներ այն, որ կրոնն ու գիտությունը կկարողանային համագործակցել և ամեն բան այլ կլիներ այսօր: Բայց կատարվեց լրիվ հակառակը, կրոնը ձգտեց դեպի փառքի և գերազանցության բարձունքներին, նրանք մարդկանց վերաբերվեցին որպես ոչխարների հոտի, իսկ իրենց կարգեցին հովվի դերում, որպեսզի մարդկանց հիմարացնելով, հափշտակեն նրանց ողջ ունեցվածքը, բացի դրանից նաև հոգին ու գիտակցությունը:

Դրա համար ավելի լավ կլինի կրոնը ընդհանրապես վերանա, քանի որ կրոնը, ինչպես և կուսակցությունները մարդկության ու ազգերի թշնամիներն են, դա մենք շատ պարզ տեսնում ենք այսօր: Մարդկանց հարկավոր են առողջ գիտելիքներ, մտավոր զարգացում, որպեսզի նա հասնի արարչականության, այլապես հետ կգնա դեպի քարե դար: Իսկ կրոնավորները դարեր շարունակ վերացրեցին գիտնականներին, իմաստուններին, պարզախոսներին:

Ահա դրա մի վառ օրինակ՝ «Վերևում՝ երկնքում, ներքևում՝  երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4)»:

Այստեղ արգելվում է վեր նայել, որպեսզի չիմանաս, որ երկնքում աստղեր կան, համաստեղություններ, բազմաթիվ մոլորակներ, կամ էլ չբացահայտես, թե ջրի հատակում ինչեր կան և այլն: Իսկ սա մարդուն բթացրած ու սպառողական գիտակցության մեջ պահելու միակ միջոցն է»:

Այս գրառումը մեծ արձագանք գտավ օգտատերերի կողմից և հիմնականում բացասական մեկնաբանություններ եղան Արուսիկի հասցեին:

ԳԱԼԱ-ի այն հարցին թե ինչպես է վերաբերվում իր հասցեին հնչող բացասական մեկնաբանություններին DJ Vakcina-ն պատասխանեց, որ մաքսիմում տրամաբանությունից դուրս մեղադրանքներ են հնչել իր հասցեին: «Ես կրոնի մասին եմ խոսում, ոչ թե հավատի կամ Աստծո,- շեշտել է նա և հավելել,- Ես ամեն օր շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ ապրում եմ, բայց գիտակցում եմ, որ կրոնը միայն ղեկավարման մեթոդ է ու շատ էֆեկտիվ, բայց դե արի ու ոչխարին բացատրի, թե արածացնելու նպատակը որն է»:

Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Արուսիկ Մկրտչյանն, այնուամենայնիվ, ունի այլ կրոնական կողմնորոշում՝ հնչել է հետևյալ պատասխանը. «Ես աղանդավո՞ր, միայն ոչ դա»:

Արուսիկի գրառմանը անդրադարձել է նաև Սբ. Երրորդություն եկեղեցու սպասավոր տեր Եսայի քահանա Արթենյանը:

Նա galatv.am-ի հետ զրույցում նշել է. «Ինչպե՞ս կարող եմ մեկանբանել մի բան, որն անհեթեթություն է: Կրոնն ու գիտությունը օդի մեջ կախված իրողություններ չեն, դրանք մարդու ուղեղի մեջ պիտի համագործակցեն, եթե մարդը չունի այդ ուղեղը, գիտությունը նրա ուղեղում չի կարող համագործակցել, և այդ դեպքում մարդը կվերածվի ոչխարի, բայց ոչ թե հավատացյալը, ում գլխում կրոնն ու գիտությունը համագործակցում են ու մարդու կյանքում հրաշքներ են գործում»,- շեշտել է Տեր Եսային՝ հավելելով, որ մարդն աղանդավոր է, թե ոչ, նա ունի հավատք, և իր գործն է, թե ինչ վերաբերմունք և ինչ մոտեցում ցույց կտա Աստծուն:

«Աղոթենք այդ մարդու համար, որպեսզի Աստված նրան զորացնի ու պահպանի, եթե իր հավատքն անկեղծ ու ամուր է»,- եզրափակել է հոգևորականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս