Ովքե՞ր կխորհրդակցեն ԲՀԿ-ի հետ

Երեքշաբթի ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը տարածել է հայտարարություն, որտեղ նշել է, թե ԲՀԿ-ն խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ` կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու հարցի շուրջ:

Մեր հարցին, թե ՀՀԿ-ն մասնակցելո՞ւ է այդ կոնսուլտացիաներին, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Իմ կարծիքով` դրա անհրաժեշտությունը չկա: Նման թեման քննարկելու անհրաժեշտություն չունի մեր երկիրը»: Իսկ հարցին, թե ինչո՞վ է բացատրում իր ասածը, Ա. Զաքարյանը պատասխանեց. «Կլինի՞ չբացատրեմ: Բազմաթիվ հանգամանքներ կան, և կարող եմ ասել, որ այսօր մեր երկիրն ընդհանրապես չունի դրա անհրաժեշտությունը»:

Նույն հարցի մասին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց. «Ողջունում եմ ԲՀԿ խմբակցության քարտուղարի հայտարարությունը պետական կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին: 20 տարիների ընթացքում այս մոտեցումը նոր չէ մեր քաղաքական դաշտում: Դա եղել է «Ժառանգության» ծրագրային հիմնադրույթներում, ինչին, կարծում եմ, տեղյակ են բոլորը, ովքեր հետաքրքրված են այդ հարցով: Ինչ վերաբերում է միջկուսակցական ձևաչափով խորհրդակցություն անցկացնելուն, ապա անհրաժեշտ է, որ քարտուղարի արտահայտած դիրքորոշումն արտահայտվի նաև կուսակցության կամ կուսակցության ղեկավարի կողմից` միջկուսակցական ձևաչափով խորհրդակցություններ ձևաչափով:

Այո՛, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, և ոչ միայն այդ հարցը, և ոչ միայն այդ կուսակցության, այլև այն քաղաքական ուժերի հետ, ովքեր գտնում են, որ մեր պետությանն ավելի հարիր է պետական կառավարման խորհրդարանական համակարգը, ինչպես նաև` 100 տոկոս համամասնական ընտրակարգը»: ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ այսպես պատասխանեց. «Նախ` դա խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի կարծիքն է, որտեղ չի նշվել, որ դա ԲՀԿ-ի պաշտոնական հայտարարություն կամ տեսակետ է:

Եթե ԲՀԿ-ն այդ առաջարկությունները պաշտոնական անի, կարծում եմ` պարոն Ծառուկյանի անունից պաշտոնական առաջարկությունների տեքստը կստանանք, այդ ժամանակ ՕԵԿ-ը կքննարկի»: Հ. Բիշարյանի խոսքով` քաղաքական մշակույթը թույլ է տալիս առաջարկներ անել երկրի տեսլականի մասին, և տարբեր քաղաքական ուժեր կարող են հայտնել իրենց կարծիքն այդ տեսլականի մասին: «Բազմաթիվ տարիներ ընտրական օրենսգրքի շրջանակներում մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ լավ կլինի համամասնական ընտրակարգին անցնել:

Օրինակ, տիկին Զոհրաբյանի ասածի մեջ կար նաև այդ կետը, իսկ ընդհանրապես մնացած հարցերը քննարկման առարկա են, տեսակետներ են, թե ե՞րբ մեր երկիրը պատրաստ կլինի խորհրդարանական համակարգին անցնել, նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ»,- նշեց Հ. Բիշարյանը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե այդ հարցը քննարկելու են ՀԱԿ քաղխորհրդի նիստում, և ավելի ուշ պարզ կլինի` ՀԱԿ-ը մասնակցելո՞ւ է այդ խորհրդակցություններին, թե՞ ոչ: Մյուս կողմից, արդեն տեղեկություններ կան, որ ՀԱԿ-ը ոչ միայն ընդունել է ԲՀԿ-ի` խորհրդակցելու հրավերը, այլ այդ հարցով բանակցող է նշանակել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին: Իսկ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե իրենք կողմնակից են քննարկումներին: Հնարավոր է` այդ հարցով ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը կայանա առաջիկա շաբաթ օրը:

Տեսանյութեր

Լրահոս