Երևանի քաղաքաշինական քաոսը՝ քաղաքապետարանի անգործության և ցածր իրավական մշակույթի արդյունք

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասված է, թե Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների և առաջարկների փաթեթին:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ուղարկել Երևանի այգիներում օրինախախտումների և այդ իրավիճակից դուրս գալու առաջարկների 20 էջանոց փաթեթ, որը նաև փոխանցվել է ԶԼՄ-ներին: Այդ թվում էր նաև Խանջյան 20 հասցեում գտնվող վերջերս փլուզված ապօրինի շենքը:

Գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանը արհամարհական պատասխան է ուղարկել այդ փաստաթղթին՝ մի քանի նախադասությամբ նշելով, որ այդ հարցերը պետք է քննարկվեն էկոլոգիական հանձնաժողովում: Նշենք որ, այն լիազորություններ չունի և խորհրդատվական մարմին է: Քաղաքապետարանի լակոնիկ գրության պատճենը կցում ենք սույն հաղորդագրությանը:

Երեկ, նոյեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանի այդ անհամարժեք պատասխանի հարցը բարձրացվել է նույն էկոլոգիական հանձնաժողովում, ինչը հարուցել է հանձնաժողովի անդամների ծիծաղը: Անդամների առաջարկով այժմ հանձնաժողովը կրկին նույն հարցադրումները ուղղելու է Երևանի քաղաքապետարանին և բաժիններին՝ լիարժեք պատասխաններ ստանալու համար:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երևանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետևանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր: Այն նաև քաղաքապետարանի ցածր իրավական մշակույթի և վարչությունների կողմից սեփական պարտականությունները օրենքի առաջ չկատարելու վկայությունն է:

Մեր կողմից նաև շեշտվել է, որ մինչ հանձնաժողովը նիստեր է գումարում Երևանում շարունակվում են խախտումներով թույլտվություններ տրվել, օրինակ Կոմիտասի այգում, Արզումանյան 4, Կոմիտասի 5ա հասցեում և բազմաթիվ այլ հանրային տարածքներում կառուցապատումների համար: Հանրային այգիները ապօրինի շինություններից ազատելու մեր պահանջը մնում է ուժի մեջ: Կրկին անգամ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը մեր՝ հարկատուներիս միջոցներով գործող տեղական ինքնակառավարման մարմին է, որը պարտավոր է տեղեկություններ տրամադրել և հաշվետու լինել երևանցիների առջև ու ծառայել հանրությանը:

Մենք հետամուտ ենք լինելու պահանջված տեղեկությունների ստացմանն ու քաղաքապետարանի գործելակերպի հստակեցմանը, քանի որ այդ մասին իրավունք ունի տեղեկանալ Երևանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի և նման անգործությունը հղի է մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող իրավիճակների ստեղծմամբ»:

 

Տեսանյութեր

Լրահոս